Բավ է պառակտվել
10-09-2020 13:59

Սեպտեմբերի կեսերին հնարավոր է` Հայաստանի կանոնավոր չվերթերը վերականգնվեն.Փաշինյան (Տեսանյութ)

Մի քանի օրից` սեպտեմբերի կեսերին,  Հայաստանի հետ կանոնավոր չվերթերը կարող են վերականգնվել։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Հայաստանից մեկնել ցանկացողների դժգոհություններին։
«Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտեր է հավաքում, որպեսզի հասկանանք, թե որ ավիաընկերություններն են, որոնք պատրաստվում են վերականգնել կանոնավոր ավիաչվերթերը դեպի Հայաստան»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ իր տեղեկություններով` դրանք շուրջ 2 տասնյակ են։
Փաշինյանի խոսքով կանոնավոր չվերթերի վերականգնման հարցն առաջիկայում քննարկվելու է նաև ԵԱՏՄ երկրների շրջանակներում։
«Պետք է արձանագրել, որ այո, սա ճգնաժամ է, համաճարակային իրավիճակ է, և երբեմն այնպիսի տպավորություն է, որ միայն Հայաստանում է նման վիճակ, բայց այդպես չէ։ Այսօր ԱՊՀ երկրների միջև ընդհանրապես շրջանառությունը փակ է, դեպի Ռուսաստան, Ռուսաստանից դեպի այլ տեղ։ Եթե խոսենք Ռուսաստանի Դաշնության մասին, գրեթե բոլոր երկրների հետ շրջանառությունը փակ է, կան որոշ բացառություններ։ Ուզում եմ նաև արձանագրել, որ այսօր ընդհանուր համաճարակային իրավիճակի »,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Ի դեպ նոր կարգավորումներ են մշակվել նաև Հայաստան ժամանող օտարերկրացիների համար։ Նրանք այլևս պարտավոր չեն լինի 2 շաբաթ ինքնամեկուսանալ։ Փոխարենը կարող են տեղում կորոնավիրուսի թեստ հանձնել ու բացասական պատասխանի դեպքում ազատվել կարանտինում գտնվելու պարտավորությունից։
Պարետ Տիգրան Ավինյանն էլ տեղեկացրեց, որ ՀՀ մուտքի որևէ արգելք այս պահին չի գործում, ովքեր ուզում են Հայաստան գալ, կարող են գալ: Նրա խոսքով՝ ներկայումս օդանավակայանում 20 նմուշառման կետ է կառուցվում, և ովքեր կցանկանան տեղում թեստավորվել, կունենան այդ հնարավորությունը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նկատեց,որ ՀՀ քաղաքացիները չեն կարողանում այլ երկրներ մեկնել, ոչ թե ՀՀ–ի այլ ուրիշ երկրների իշխանությունների որոշումն է։
«Բայց ես կարծում եմ, որ ԵԱՏՄ գործընկերները պատրաստ են քննարկման, և մենք առնվազն կկարողանանք սահմանել այն կանոնները, որոնք սիմետրիկ կգործեն ԵԱՏՄ բոլոր երկրներում։ Եթե նույնիսկ հնարավոր չլինի շատ մոտ ժամանակներում բացել կանոնավոր փոխադրումները, ապա միասնական կանոն կսահմանվի, և հարցի մեջ պարզություն կմտնի»,– ասաց Գրիգորյանը։ 
Փաշինյանը նշեց նաև, որ  ճգնաժամի  հետևանքով տարվա ընթացքում ԵԱՏՄ երկրների միջև նվազել է ոչ միայն ուղևորափոխադրումների, այլև ապրանքաշրջանառության ծավալը։ Իրավիճակը շտկելու համար ԵԱՏՄ երկրների ղեկավարների առաջիկա հանդիպման օրակարգում քննարկվելու է նաև այս հարցը։

 

 

Արմինե Գևորգյան