Բավ է պառակտվել
24-05-2019 22:22

ԵՊՀ ռեկտորը պետք է հեռանար արժանապատվորեն. ԿԳ նախարար

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականին այսօր անդրադարձել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ու ցավ հայտնել, որ Արամ Սիմոնյանն այդ որոշումը շուտ չի ընդունել:
«Էն հետընթացը, որ կար ԵՊՀ-ում, ակներև է, և կարծում եմ` մի քիչ էլ խղճի խայթ է ունեցել, որովհետև ակնհայտ է, որ նրա օրոք ԵՊՀ-ն լուրջ հետընթաց է ունեցել»,- ասաց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Հիշեցնենք,որ երեկ հրաժարական էր ներկայացրել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով հրաժարականի իր դիմումում գրել էր՝ «Երկրի բարձրագույն իշխանությունն ինձ մեղադրում է, թե ես ճանկռում եմ այս աթոռը, որ երկար մնամ։ Ծիծաղելի է։ Ես երբեք այդ աթոռից կառչած չեմ եղել: Այս ամիսների ընթացքում, կարծում եմ, ձեզ համոզեցի, որ ես ո՛չ ընկրկող եմ, ո՛չ վախեցող եմ, ո՛չ էլ հերոս եմ ձևանում։ Ես պատրաստ եմ տղամարդուն վայել ձևով բոլոր հարցադրումների պատասխանները տալ»:

Արայիկ Հարությունյանը ասում է, որ ռեկտորը պետք է հեռանար արժանապատվորեն, իսկ այս դեպքում նա նման գործելաոճ չի տեսել:
Հարցին՝ արդյո՞ք Հոգաբարձուների խորհուրդը լուծարելու ծրագիր է եղել, ինչպես հրաժարականի տեսանյութում ասել էր Արամ Սիմոնյանը, Արայիկ Հարությունյանը բացասական պատասխան տվեց:
«Եթե մարդիկ մինչ հիմա չեն հասկացել, թե ինչ է տեղի ունեցել ՀՀ-ում, դա այդ մարդկանց խղճին պետք է մնա: Եթե մենք ցանկանայինք ունենալ այնպիսի հոգաբարձուների խորհուրդ, որ եղել է Արամ Սիմոնյանի օրոք ԵՊՀ-ում, միանշանակ կարող էինք այդպիսի խորհուրդ ձևավորել, որն ամբողջությամբ կենթարկվեր նախարարությանը և պետությանը, բայց մենք այդպիսի բան չենք անում` այդպիսի անդեմ խորհուրդ ունենալու համար»,- ասաց նախարարը:
Արայիկ Հարությունյանն անդրադրաձավ նաև Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի նորընտիր ռեկտոր Լիլիթ Արզումանյանի դեմ իրականացվող բողոքի ակցիային:
Հիշեցնենք, որ ուսանողները բուհում ակցիա էին իրականացրել՝ բողոքելով, որ ռեկտորի ընտրությունը կայացել է առանց մրցակցության։ Նրանք ներսից փակել էին թատրոնի դուռն ու որևէ մեկին թույլ չէին տալիս՝ ոչ դուրս գալ շենքից, ոչ էլ՝ ներս մտնել: Պահանջում էին այլընտրանք ու շեշտում, որ պետք է ռեկտորի ևս մեկ թեկնածու լինի, որ արդյունքում հաղթի արժանի:
Հարությանը տեղեկացրեց, որ հանդիպել է ուսանողների հետ և շատ ուղիղ ասել ,որ այս ամենում նրանք տեսնում են ուղղորդող խմբեր :
«Մենք այդ ամբողջ ինֆորմացիային տիրապետում ենք: Այդպիսի դրսևորումները մենք պետք է արհամարհենք, որովհետև սրանք արվում են այն խմբերի կողմից, որոնք արդեն 1 տարուց ավել է մերժված են»,- ասաց նախարարը: