Բավ է պառակտվել
20-07-2020 15:46

Լայն թափով ընթանում է հայկական բնակավայրերի հրետակոծումից վնասված բնակելի տների վերանորոգումը


«Այսօր առավոտվանից լայն թափով ընթանում է հայկական բնակավայրերի հրետակոծումից վնասված բնակելի տների վերանորոգումը և նախատեսնում է, որ այսօրվանից վերանորոգման ծրագրերին կփոխարինեն զարգացման ծրագրերը»,–:ասուլիսում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
Ուսումնասիրությունների համաձայն, այսօրվա դրությամբ Տավուշում հրետակոծությունների հետևանքով 50 շինություն այս կամ այն չափով վնասվել է, 12-ում արդեն սկսվել են վերանորոգման աշխատանքները։
«Մենք կփորձենք վերանվանել այդ տերմինը և ակտիվորեն զբաղվել այս տարածաշրջանի և հատկապես սահմանամերձ գյուղերի զարգացման ծրագրերով։ Մենք նոր խթան ենք տալիս այս աշխատանքներին այս օրերի տված էներգիայով՝ իմանալով, որ, ցանկացած խնդիր լուծելով սահմանամերձ գյուղում, մենք լուծում ենք նաև մեր երկրի սահմանի անվտանգության խնդիրը»,- ասաց մարզպետը։

Չոբանյանը նշեց, որ արձանագրված են բոլոր տնտեսական, քաղաքաշինական խնդիրները.
«Սեպտեմբերին Տավուշի մարզպետարանը անցկացնելու է ներդրումային հանձնաժողով։ Այն անցկացվելու է առցանց եղանակով։ Մեր նպատակն է, որ սեպտեմբերին ևս մեկ անգամ ձևակերպենք և հայտարարենք այն հիմնական, առաջնահերթ ռազմավարական ծրագրերը, որոնք ոչ միայն պետք է զարգացնեն մեր տնտեսությունը, այլև պիտի ամրացնեն մեր սահմանները։
Ըստ Չոբանյանի գույքագրման և հաշվարկման գործընթացներն ամենօրյա գործընթացներ են։ Առաջին փուլը կավարտվի մեկ շաբաթից, վերջնական արդյունքները կլինեն մեկ ամսից , որովհետև հայտարարել են, որ կառուցվելու են նաև նոր տներ։ Բացի շինարարական վնասներից կան նաև այլ տիպի վնասներ, օրինակ՝ գյուղատնտեսականը և այլ ոլորտների։ «Կարծում եմ, որ շուտով կունենանք բոլոր գնահատականները, թե որքան գումար է անհրաժեշտ»,- նշել է մարզպետը:
Նա հայտնեց, որ ստեղծվել են նաև սոցիալ-հոգեբանական հանձնաժողովներ, որտեղ ներգրավում են տարբեր հասարակական կառույցների, միջազգային կառույցների, հատկապես սոցիալական ոլորտում աշխատող կազմակերպությունների, որոնք գործում են Տավուշի մարզում.
«Մեր գործընկերների հետ միասին մենք շատ ակտիվ պետք է բնակավայրերում աշխատենք սոցիալ-հոգեբանական իրավիճակի ուսումնասիրության, ըստ անհրաժեշտության՝ համապատասխան միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ, այդ թվում մեր երեխաների ամառային հանգիստը հավուր պատշաճի կազմակերպելու ուղղությամբ»։

 

 

Արմինե Գևորգյան