Բավ է պառակտվել
07-05-2020 21:15

Մոսկվայում մեկուսացման ռեժիմը երկարաձգվել է միչև մայիսի 31-ը

Սահմանափակումների ռեժիմը Մոսկվայում կերկարաձգվի մինչև մայիսի 31-ը, ասվում է մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրամանագրում:

“Առևտրի, հանրային սննդի, ծառայությունների, մշակույթի, կրթության, սպորտի և այլ ոչ արտադրական արդյունաբերության, ինչպես նաև քաղաքացիների ինքնամեկուսացման ռեժիմի ժամանակավոր սահմանափակումները կերկարաձգվեն մինչև 2020 թվականի մայիսի 31-ը: Դեռևս վաղ է բացել ռեստորանները, թատրոնները, սպորտային կառույցները», - ասել է Սոբյանինը:

Ըստ նրա, վաղ է հանել ինքնմեկուսացման ռեժիմը մայրաքաղաքում: «Ընդհակառակը, մենք պետք է խստորեն հետևենք դրան, որպեսզի հնարավոր լինի մեծ թվով ձեռնարկությունների աշխատելը», - պարզաբանել է քաղաքապետը:

Այսպիսով, մայիսի 12-ից Մոսկվայում կվերաբացվեն արդյունաբերական և շինարարական ձեռնարկությունները, որոնց աշխատանքը կասեցվել էր ապրիլի կեսերին: Վարսավիրանոցները և սպասարկման ոլորտի այլ ձեռնարկություններ, ինչպես նաև ոչ պարենային խանութներ, որտեղ չի վաճառվում առաջին անհրաժեշտության ապրանքներ դեռևս չեն բացվի, քանի որ դա կարող է հանգեցնել դեպքերի նոր աճի, նշել է քաղաքապետը:

Մայիսի 12-ից կխստացվեն նաև հակավարակային միջոցառումները Մոսկվայում. բնակիչները պետք է կրեն դիմակներ և ձեռնոցներ հասարակական տրանսպորտում, տաքսիներում, խանութներում և առևտրի կենտրոններում: Արգելքը չպահպանելու դեպքում նախատեսվում է 4 հազար ռուբլի տուգանք, որը կարող է հասնել մինչև 5 հազարի կրկնակի խախտման դեպքում:

Մարտի վերջից Ռուսաստանի շրջանների մեծ մասում գործում է ինքնամեկուսացման ռեժիմը: Դրանից բացի, Մոսկվայում ներդրվել է անցագրային համակարգ: Առանց համապատասխան QR ծածկագիրը ստանալու, բնակիչները կարող են տունը լքել միայն թույլատրված մի շարք դեպքերում, մասնավորապես՝ մոտակա մթերային խանութ կամ դեղատուն գնալու, շտապ բժշկական օգնություն խնդրելու կամ մոտակայքում ընտանի կենդանու հետ զբոսնելու համար:

Վերջին մեկ օրում Մոսկվայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 6703 նոր դեպք: Սա առավելագույն օրական ցուցանիշն է համաճարակի սկզբից ի վեր: Ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում գրանցվել է ավելի քան 92.6 հազար վարակված, որից 82.5 հազարը դեռևս բուժվում է, մահացել է 905 մարդ: