Բավ է պառակտվել
29-03-2021 13:28

Ձկնորսները Հայաստանում կարող են աշխատել պետական կազմակերպություններում և աշխատավարձ ստանալ

Այս տարի իջեցվել է Սևանա լճում սիգի որսի թույլատրվող չափաքանակը։ 2020թ առավելագույն ծավաը 300 տոննայի սահմաններում էր, այս տարի սահմանվել է 250տ։

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է ստեղծել ձկնորսների պետական կազմակերպություն՝ ձկան որսի նկատմամբ առավելագույն հսկողություն սահմանելու նպատակով։ Այս մասին ասել է մամլո ասուլիսում Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը։
«Ձկնորսները կարող են աշխատավարձ ստանալ կազմակերպությունում , ունենալ կայուն աշխատանք և եկամուտ, ձկան որսն էլ ավելի համակարգված կլինի։ Մենք նախատեսում ենք իրականացնել ծրագիրը մոտ ժամանակներս, կսկսենք մշակել այն այս տարվա սեպտեմբերից հետո»,- նշել է Գրիգորյանը։

Նա նաև հայտնել է, որ այս տարի իջեցվել է Սևանա լճում սիգի որսի թույլատրվող չափաքանակը։

«2020 թվականին որսի համար սահմանված առավելագույն չափաքանակը 300 տոննան է եղել, կնքվել էր 55 պայմանագիր 236 տոննա որսի թույլտվությամբ, բայց փաստացի իրականացվել է 204 տոննա սիգի որս։ Ամփոփելով 2020թ․ տվյալները նախարարությունը որոշել է այս տարի սահմանել 250տ չափաքանակ»,- ասել է պաշտոնյան։

Ձկնորսության համար կգործեն 2020 թվականի նույն պահանջներն, ավելացել է միայն ժամային գրաֆիկը։ Ձկնորսներին կթույլատրվի ձուկ որսալ միայն հատուկ ելք ու մուտքով 15 տեղամասերից։

Որսը պետք է իրականացվի ափից 500 մետր հեռավորության վրա և 40 մմ–ից ոչ բարակ ցանցով` մանրաձկան որսը բացառելու համար։ Ավելի մանր ցանցերի օգտագործումն, արտահանումը և արտադրությունն արգելված է Հայաստանում ԵԱՏՄ ռեգլամենտի համաձայն։ Արգելված է 400գ քաշից փոքր սիգի որսը։

Նշենք, որ 2019 թվականին իրականացված ձկնային պաշարների գնահատման արդյունքում պարզվել է, որ Սևանա լճում առկա է մոտ 2600 տոննա սիգ, որոնցից սեռական հասունության փուլում է մոտ 600 տոննան: Ելնելով դրանից՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ձկնաբանության և հիդրոէկոլոգիայի ինստիտուտը խորհուրդ է տվել որսի չափաքանակը սահմանել տարեկան մոտ 200 տոննա։