Բավ է պառակտվել
19-07-2018 17:58

Ռոբերտ Քոչարյանը կներկայանա հարցաքննությանը հուլիսի 26–ին

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության ներկայանա հուլիսի 26–ին։ Այդ մասին այսօր հայտնեց Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը։

«Նախատեսվում է, որ Քոչարյանը կներկայանա հարցաքննության հուլիսի 26–ին։ Ինչ վերաբերում է հարցաքննության տեսանկարահանմանը, ապա մենք դեռ կքննարկենք այդ հարցը։ Տեսանյութի` անգամ մասնակի հրապարակման հարցը պետք է որոշի այս քրեական գործով վարույթ իրականացնող մարմինը», – հայտարարեց ՀՔԾ ղեկավար Խաչատրյանը։

Քոչարյանը կանչվել է որպես վկա մարտի 1–ի գործով։ Վկա է կանչվել նաև նույն գործի շրջանակում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով այն ժամանակ զբաղեցրել է Երևանի կայազորի հրամատարի պաշտոնը։ Որպես մեղադրյալ ներգրավվել է նաև Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, ով հիմա Հայաստանում չէ։

Նա նշեց, որ ծառայությունը սահմանափակված չէ որևէ մեկին հարցաքննության կանչելու հարցում։ Գործով որպես վկա կարող է կանչվել յուրաքանչուր քաղաքացի, ով ունի գործի համար կարևոր տեղեկություն։ ՀՔԾ ղեկավարը չհայտնեց, թե արդյոք կանչվել են նույն գործով վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը։

Խոսելով Քոչարյանին հարցաքննության կանչելու մասին` նա նշեց, որ մարտի մեկից անցած 10 տարիների ընթացքում որոշ հիշողություններ կարող են լինել ոչ այդքան պարզ, սակայն նշեց, որ դա չի կարող էական խոչընդոտ լիել նախաքննության համար։