Բավ է պառակտվել
11-04-2019 14:07

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ․փաստաբան

Վերաքննիչ դատարանը հինգշաբթի հրապարակել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի վերաբերյալ որոշումը։

Ինչպես լրագրողներին տեղեկացրել է նախկին նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը, դատարանը որոշել է մերժել պաշտպանության բողոքը և ուժի մեջ թողնել Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու առաջին ատյանի դատարանի որոշումը։

Մարտի 1-ի գործի շրջանակներում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այժմ մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման մեջ։ Նա կալանքի տակ է։ Փետրվարի 12-ին Քննչական ծառայությունը Քոչարյանին նոր մեղադրանք է ներկայացրել “Առանձնակի խոշոր չափերով կաշառք ստանալու” հոդվածի հատկանիշներով։ Մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը որոշել է ևս երկու ամսով երկարաձգել նրա կալանքն, ինչը նախկին նախագահի պաշտպանների կողմից բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում։

“Դատարանի պաշտոնական որոշումը ստանալուն պես մենք անպայման կբողոքարկենք այն։ Այս պահին ես չեմ կարող նշել բողոքը մերժելու հիմքերը։ Հիշեցնեմ, որ առաջին դատարանի որոշման մեջ նույնպես բացակայում է կալանքը երկարաձգելու հիմնավորումն, ինչն էլ ներկայացված է եղել մեր բողոքում։ Սակայն այս փաստը փաստարկ չի հանդիսացել Վերաքննիչ դատարանի համար”,- ասել է Ալումյանը։

Ըստ նրա, դատարանը հիմնավորում է իր որոշումը այն բանով, որ ազատության մեջ գտնվելիս Քոչարյանը կարող է խոչընդոտել քննությանը։

“Քրեական գործով նախնական քննությունն արդեն ավարտվել է, նման որոշումը կարող էր էական դեր խաղալ սկզբնական փուլում”,-ասել է նա

Ինչպես նշել է փաստաբանը, նախնական քննության շրջանակներում ցուցմունք են տվել Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը և այլ անձինք։ Գրեթե բոլորը հաստատել են Քոչարյանի՝ դատարանում արված հայտարարությունները։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի լույս 28-ի գիշերը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նախագահական ընտրություններից հետո զանգվածային անկարգությունների կապակցությամբ հարուցված Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում։
Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում գործի քննությունից հետո Քոչարյանի նկատմամաբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշումը մնացել է անփոփոխ։ Փետրվարի 15-ին ավարտվել է երկրորդ նախագահի նկատմամաբ հարուցված գործի նախնական քննությունը։
Փետրվարի 14-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը վարույթի է ընդունել Քոչարյանի փաստաբանների բողոքը, որոնք բողոքարկում են նախկին նախագահի նկատմամաբ խափանման միջոցին վերաբերող քրեական դատավարության օրենսգիրքի հոդվածները։