Բավ է պառակտվել
05-09-2018 10:35

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը․ ՀՔԾ

 

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) որոշում է կայացրել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրությանը, ինչը նշանակում է, որ Քոչարյանը չի կարող լքել Հայաստանի տարածքը։ ՀՔԾ մամլո քարտուղար Մարինա Օհանջանյանը տեղեկացրել է, որ Քոչարյանի անձնագիրն օրնական հիմունքներով է իրենց մոտ գտնվում։

Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանն ասել է, որ իրենք դեռևս չեն ծանոթացել ՀՔԾ որոշման հետ, և, ծանոթանալուց հետո միայն նախկին նախագահի փաստաբանների խումբը կդիմի ՀՔԾ։

Փաստաբանի խոսքերով, իրենց հարցումին պաշտոնական պատասխան ստանալուց հետո միայն նրանք կքննարկեն Քոչարյանի սահման հատելու հարցը։ “եթե նման արգելք կա, մենք խնդրեցինք ներկայացնել դրա իրավական հիմքերը՝ բողոքարկելու համար”, - ասել է Օրբելյանը։

Նրա խոսքերով, իրենց խնդիրը կայանում է ոչ այնքան Քոչարյանի անձնագիրը վերադարձնելու մեջ, որքան որ պարզելու, արդյոք Քոչարյանին թույլ կտրվի հատել Հայաստանի սահմանը։ Օրբելյանը պնդում է,որ քանի որ Վերաքննիչ դատարանը որոշել է ազատել երկրորդ նախագահին կալանքից, ապա նա անարգել տեղաշարժվելու իրավունք ունի։ “Եթե անձի կողմից սահմանը հատելու իրավական հիմքերը բացակայում են, նշանակում է այդ սահմանափակումները օրինական չեն”,- նշել է նա։

Նախկին նախագահի փաստաբանը նաև նշել է, որ Ռոբերտ Քոչարյանն ամենամյա բժշկական հետազոտություն անցնելու նպատակով մտադիր է Գերմանիա մեկնել։ Հարցին, թե ինչո՞ւ նա այդ հետազոտությունը Հայաստանում չի անցնում, փաստաբանը պատասխանել է․ “ Ես չեմ կարող ասել, կարծում եմ յուրաքանչյուրն իր բուժող բժիշկն ունի, հետազոտությունը կարող է Հայաստանում արվել, իսկ կարող է՝ արտասահմանում”։

Օրբելյանը հերքել է պնդումներն այն մասին, որ Քոչարյանն այսպիսով մտադիր է թաքնվել քննչական մարմնից։ “Երբ նա առաջին անգամ Հայաստան վերադարձավ, կարող եք վստահ լինել, նա պատկերացնում էր, որ խոսքը գնում է իրեն որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Չեմ կարծում, որ այստեղ խուսափելու միտում կա”,-ասել է նա։