Բավ է պառակտվել
11-03-2014 03:21

Բանտարկյալ Վարդան Մարտիրոսյանի հարազատները հանդիպում են պահանջում գլխավոր դատախազի հետ

Մի խումբ քաղաքացիներ այսօր հավաքվել էին դատախազության դիմաց՝ պահանջով, որ ՀՀ գլխավոր դատախազն ընդունի և աջակցի, որպեսզի արդար դատավճիռ կայացվի բանտարկյալ Վարդան Մարտիրոսյանի նկատմամբ: Վերջինս «Զվարթնոց» օդանավակայանի կարգո համալիրում որպես մաքսային միջնորդ է աշխատել: Վարդան Մարտիրոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը զրույցում ասաց, թե ըստ իրավապահ մարմինների՝ Վարդան Մարտիրոսյանը մեղքը նրանում է, թե նա իր աշխատանքը կատարելիս տեղյակ է եղել, որ փոխադրվող բեռներում թմրամիջոց կա: «Բեռը եղել է գործարանային փաթեթավորմամբ: Դատավճռում հաստատված է այդ փաստը»,-շեշտեց փաստաբանը: «Իմ պաշտպանյալն առանց որևէ ապացույցի 4 տարի 6 ամիս ժամկետով դատապարտվել է ազատազրկման: Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ չկա որևէ ապացույց Վարդանի դեմ, դա նույնիսկ ապացուցվել է առաջին ատյանի դատարանում, որտեղ հաստատվել է, որ իմ պաշտպանյալը մաքսային միջնորդ գործունեություն իրականացնելիս չի իմացել առաքվող բեռներում թաքցված թմրամիջոցների մասին: Դա նշված է նաև դատավճռում: Եթե չի իմացել, հետևաբար, որևէ հանցանքի և օժանդակության մասին խոսք լինել չի կարող»,-նշեց փաստաբան Տիգրան Սաֆարյանը: Նա ասաց նաև, որ իրենք բողոք են ներկայացրել վերաքննիչ դատարան,սակայն Վերաքննիչ դատարանը, ըստ նրա՝ լսելու և կարդալու ունակությունները կորցրել է: «Վերաքննիչ դատարանի եզրակացությունն այն է, թե հնարավոր չէ, որ Վարդան Մարտիրոսյանը չիմանար բեռում առկա թմրամիջոցների մասին»,-ասաց փաստաբանը։  Վարդան Մարտիրոսյանի հարազատները վրդովված են, որ առանց որևէ ապացույցի իրենց տղային մի քանի տարով ազատազրկել են, և պահանջում են հանդիպում գլխավոր դատախազի հետ: «Միայն գլխավոր դատախազը կունենա այդ համարձակությունը, որպեսզի ասի, որ այս գործում իրոք չկան ապացույցներ: Երկու ատյան անցել ենք, երկու ատյանում էլ ասում են, որ ապացույց չկա, բայց Վարդան Մարտիրոսյանը դեռ անազատության մեջ է»,-ասաց փաստաբանը: Ի դեպ, Վարդան Մարտիրոսյանն արդեն 2 տարի 8 ամիս է, ինչ անազատության մեջ է: