Բավ է պառակտվել
16-01-2016 12:48

Ավետիսյանների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում

Գյումրիում 1 տարի առաջ սպանված Ավետիսյանների հարազատները պահանջում են, որ սպանության գործով նիստերն անցկացվեն նորմալ պայմաններում: Այսօր նրանք հենց այս պահանջով են հավաքվել Գյումրիի կենտրոնական հրապարակում: «Մենք որոշեցինք մասնակցել դատական նիստերին՝ անկախ նրանից, թե որտեղ են դրանք տեղի ունենում: Թող մեզ ապահովեն նորմալ պայմաններ, որ մենք կարողանանք էդ Պերմյակով կոչվածի ձայնը լսել, հասկանանք՝ ինչ է խոսում: Մենք անգամ չենք հասկանում, թե դատական նիստը երբ է սկսվում եւ ավարտվում, ոչ նստելու, ոչ էլ կանգնելու տեղ ունենք: Մեր փաստաբանները երկուշաբթի օրը դատական նիստին այս պահանջով միջնորդություն կներկայացնեն»,- լրագրողներին ասաց սպանված Ավետիսյանների հարազատներից Ռիտա Պետրոսյանը: Ավետիսյանների հարազատների բողոքի ակցիային միացել են նաեւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները: Տարածքը հսկում են ոստիկանները: Նշենք, որ դեկտեմբերի 18-ին կայացած առաջին դատական նիստից հետո փաստաբանները դահլիճի պայմանները որակեցին «անմարդկային»: Հիշեցնենք, որ այդ օրը տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներից եւ փաստաբաններից մի քանիսի համար նստարաններ չկային, դատավորը ստիպված ընդմիջեց նիստը՝ այս հարցը լուծելու համար: Նիստի ամբողջ ընթացքում նրանք դժգոհեցին պայմաններից, իսկ հետո էլ հարազատները հայտարարեցին, որ կբոյկոտեն նիստերը, եթե դրանք շարունակվեն անցկացվել ռազմաբազայի տարածքում: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի փոխանցմամբ՝ երկրորդ դատական նիստը՝ հունվարի 18-ին, նույնպես կանցկացվի ռազմաբազայի տարածքում՝ նույն դահլիճում: