Բավ է պառակտվել
16-09-2016 10:33

Հայկական սփյուռքին և հայ-ռուսական հարաբերություններին նվիրված գիտաժողով Մոսկվայում

Սեպտեմբերի 14-ին ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Լոմոնոսովի անվ. Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) պատմության ֆակուլտետում մեկնարկել է «Հայկական սփյուռքն ու հայ-ռուսական հարաբերությունները. պատմությունը և ներկան» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովը, որին մասնակցում էին 16 երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը ներկայացնող 100-ից ավելի անվանի հայագետներ և գիտնականներ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, գիտաժողովը կազմակերպվել էր ՄՊՀ պատմության ֆակուլտետի ու հայագիտական ուսումնասիրությունների զարգացման ու աջակցության «Անիվ» հիմնադրամի կողմից՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի, ՀՀ և ՌԴ մի շարք գիտական ու մշակութային հաստատությունների աջակցությամբ:
ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն ընթերցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` գիտաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի ուղերձը, որում ՀՀ Նախագահը, մասնավորապես, համոզմունք է հայտնել, որ մեկնարկող միջազգային գիտաժողովը կնպաստի հայ-ռուսական հումանիտար և կրթական կապերի խորացմանն ու երկու պետությունների միջև հարաբերությունների առավել ամրապնդմանը:
Ընդգծելով նմանատիպ միջոցառումների կազմակերպման կարևորություն և գիտաժողովին քննարկվելիք հարցերի արդիականությունը՝ դեսպան Եսայանը նշել է, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը, հանդիսանալով Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը, այսօր շարունակում է դինամիկ զարգացում ապրել ինչպես երկկողմ հարթակում, այնպես էլ՝ տարածաշրջանային ինտեգրացիոն ձևաչափերի շրջանակներում:
Բացման արարողությանը ՄՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Սերգեյ Կարպովն ընթերցել է նաև ՌԴ Պետդումայի նախագահ, Ռուսաստանի պատմական միության նախագահ Սերգեյ Նարիշկինի ուղերձը, որում վերջինս անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների կարևորությանը տարածաշրջանային արդի զարգացումների համատեքստում: ՌԴ բարձրաստիճան պաշտոնյան, մասնավորապես, բարձր է գնահատել հայ համայնքի դերակատարությանը Ռուսաստանի զարգացման տարբեր պատմական փուլերում:
Գիտաժողովի շրջանակներում անցկացվել է նաև հայ-ռուսական թեմատիկ պատմափաստագրական ցուցահանդես և հայագիտության թեմայով մի շարք գրքերի շնորհանդես:
Գիտաժողովի մեկնարկին նախորդել է ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի հանդիպումը Լոմոնոսովի անվ. Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի հետ, որի ընթացքում քննարկվել է կրթական և գիտական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: ՌԴ-ում ՀՀ դեսպանը նշել է, որ հայկական կողմը մեծ կարևորություն է տալիս ՄՊՀ-ի հետ կրթական և գիտական ոլորտում համագործակցության զարգացմանը: Այդ համատեքստում ռեկտոր Սադովնիչին ընդգծել է ՄՊՀ-ի երևանյան մասնաճյուղի գործունեության կարևորությունը:
Դեսպան Եսայանն առանձին հանդիպում է ունեցել նաև ՄՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Սերգեյ Կարպովի և ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: