Բավ է պառակտվել
03-11-2016 10:09

ՌԴ-ն կարող է միակողմանիորեն դադարեցնել Տաջիկստանի հետ օդային հաղորդակցությունը

Նոյեմբերի 8-ից Ռուսաստանը կարող է միակողմանիորեն դադարեցնել Տաջիկստանի հետ օդային հաղորդակցությունը:

Այդ որոշումը պայմանավորված է նրանով, որ Դուշանբեն չի ցանկանում համաձայնեցնել ռուսական ավիաընկերությունների թռիչքները երկիր «Ժուկովսկի» նոր օդանավակայանից։ Տաջիկստանի իշխանությունների կարծիքով՝ «Ժուկովսկին» դարձել է մոսկովյան ավիացիոն հանգույցի չորրորդ օդանավակայանը, դրա համար էլ դեպի Դուշանբե ու Խուջանդ լրացուցիչ չվերթներով Ռուսաստանը միակողմանիորեն ավելացնում է այդ գծերի վրա փոխադրողների քանակը։ Դրա հիման վրա էլ տաջիկական կողմը հրաժարվել է ընդունել ռուսական ավիափոխադրողի նշանակումները։

Ընդ որում, ՌԴ Տրանսպորտի նախարարությունում պարզաբանել են, որ կառավարության կարգադրությամբ «Վնուկովո», «Դոմոդեդովո» ու «Շերեմետյեվո» օդանավակայանները Մոսկվային են վերաբերում, իսկ «Ժուկովսկի» միջազգային օդանավակայանը վերաբերում է Ռամենսկուն։ Դրա համար էլ «ռուսական օդանավակայանի կարգավիճակը որոշելու՝ Տաջիկստանի փորձը խախտում է Ռուսաստանի իշխանությունների ինքնիշխանությունը» ու մերժելով ընդունել «Ժուկովսկի» օդանավակայանից ռուսական ավիափոխադրողի նշանակումները ՝ Տաջիկստանը ուղղակիորեն խախտում է օդային հաղորդակցության մասին միջկառավարական համաձայնագրերը։

Նախարարությունը նաեւ շեշտել է, որ Տաջիկստանը պետք է հաշվի առնի այն հանգամանքը, որ այդ երթուղիների հիմնական ուղեւորները «տաջիկ աշխատանքային միգրանտներ են, որոնք Ռուսաստանի հաշվին ապահովում են իրենց երկրի ՀՆԱ-ի 48 տոկոսը»։ Եթե Տաջիկստանի իշխանությունների դիրքորոշումը չփոխվի, ապա Ռուսաստանի կողմից օդային հաղորդակցության դադարեցումը ուժի մեջ կմտնի, որպեսզի կանխվի ռուսական ավիաընկերությունների «իրավունքների ոտնահարումը»։