Ռուսական կողմն օպերատիվ կերպով անում է հնարավորը՝ Բեսլանի մոտակայքում Մոսկվա-Երևան ավտոբուսի ողբերգական վթարի հետևանքով վիրավորներին անհրաժեշտ բժշկական ու հոգեբանական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ, հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը` ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ:
Մաքսիմ Սոկոլովը ՌԴ կառավարության անունից ցավակցություն է հայտնել Մոսկվա-Երևան ավտոբուսի ողբերգական վթարի հետևանքով զոհվածների ընտանիքների անդամներին ու հարազատներին և մանրամասներ ներկայացրել իրավիճակի և տեղում տարվող աշխատանքների վերաբերյալ:
Նրա խոսքով, վթարի հանգամանքները պարզելու նպատակով այնտեղ է գործուղվել նաև ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալը:
ՀՀ կառավարության ղեկավարն իր հերթին նշել է, որ արդեն հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ տեղում իրավիճակը գնահատելու և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին` արագ արձագանքի և տեղում ցուցաբերվող աջակցության համար:
Հոկտեմբերի 14-ի առավոտյան` երևանյան ժամանակով ժամը 05.30-ի սահմանում, Վլադիկավկազ քաղաքի մոտ` շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին։ Նախնական տվյալներով, ավտոբուսում եղել է 45-52 մարդ: Վթարի հետևանքով զոհվել է 5 ՀՀ քաղաքացի, 27 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում չորս դեռահաս: Վթարի հետևանքով տուժածների համար բացվել է ժամանակավոր կացության կետ Բեսլանի մշակույթի տանը։