Բավ է պառակտվել
07-02-2020 17:23

Ռուսաստանի քաղաքացիություն կարելի է ստանալ՝ չհաժարվելով արտասահմանյանից

Օտարերկրացիների կողմից ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգն էապես կդյուրացվի։ 

Ռուսաստանի քաղաքացիություն հնարավոր կլինի ստանալ առանց հրաժարվելու արդեն ունեցած այլ քաղաքացիությունից: Կառավարությունը նախապատրաստում է “ՌԴ քաղաքացիության մասին” օրենքում համապատասխան փոփոխությունները: Օրինագիծը կարող է ներկայացվել Պետդումա արդեն այս ամիս:

Կառավարության կողմից այլ պետությունների քաղաքացիների կողմից ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգի դյուրացման մասին “Կոմերսանտին” պատմել են միգրացիայի պետական քաղաքականության հայեցակարգի իրականացման աշխատանքային խմբի անդամները։ Տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներից և պատգամավորներից կազմված խումբը ստեղծվել է 2019թ մարտին նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ։ Նրա խնդիրն է հնարավորինս շատ՝ 5-ից 10 միլիոն նոր քաղաքացի գրավել Ռուսաստան:

Կառավարության մամլո ծառայությունից հաստատել են նախապատրաստվող փոփոխությունների մասին տեղեկատվությունը:

Նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել “ՌԴ քաղաքացիության մասին” օրենքի հոդված 13-ի առաջին մասի 4-րդ կետն, ըստ որի օտարերկրացիների համար ՌԴ քաղաքացիություն ստանալու պահանջներից մեկն այն է, որ նրանք պետք է հրաժարվեն այլ պետության քաղաքացիությունից։
“Հաշվի առնելով այն մեխանիզմը, որով հաստատվում է օտարերկրյա քաղաքացիությունից հրաժարվելու փաստը, առաջարկվում է հանել այն պահանջը, ըստ որի` ՌԴ քաղաքացիության հայցվորը պետք է դիմի օտարերկրյա պետության լիազոր մարմին` հրաժարվելով այդ երկրի քաղաքացիությունից, այդ թվում` այն անձանց դեպքում, ովքեր համարվում են ռուսաց լեզվի կրողներ”,- ասվում է Սպիտակ տան մամլո ծառայության “Կոմերսանտին” տրված պատասխանում։ Կառավարությունում նշել են, որ օրինագծի մշակումն արդեն ավարտվում է, նախագահի աշխատակազմի հետ համաձայնեցնելուց հետո այն կուղարկվի Պետդումա, որտեղ արդեն սպասում են։
“Մենք ուզում ենք այս հարցն ավարտել գարնանային նստաշարջանի ժամանակ, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան Ռուսաստանի քաղաքացի դառնալ։ Եվ, համապատասխանաբար, ի՞նչ է անելու Ռուսաստանը։ Այն պաշտ-պա-նե-լու է իր քաղաքացիներին”,- ասել է “Կոմերսանտին” ստորին պալատի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը։
Պետդումայի ԱՊՀ , եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովն, ով նախագահական աշխատանքային խմբի անդամ է, ասել է, որ նա դեռևս անցյալ տարի ապրիլին դիմել էր նախագահ Պուտինին այնպես փոփոխել “Քաղաքացիության մասին» օրենքը, որպեսզի ռուսական քաղաքացիություն ստանալիս օտարերկրյա քաղաքացիները ստիպված չլինեն հրաժարվել իրենց քաղաքացիությունից։
“Խոսքն այն մասին է, որ օրենքը տարածվի առանց բացառության բոլորի վրա ամբողջ աշխարհում։ Նախագահը խոստացել էր ուսումնասիրել հարցը։ Դրանից հետո աշխատանքային խմբում կայացան մի շարք հանդիպումներ և քննարկումներ: Որոշվեց մշակել օրինագիծ, որը թույլ կտա ՌԴ քաղաքացիություն ստանալ՝ առանց հրաժարվելու արդեն ունեցածից”, - ասել է պատգամավորը “Կոմերսանտ”-ին:
Ըստ նրա, “Քաղաքացիության մասին” հոդվածում կարող են լինել նաև այլ փոփոխություններ, հնարավոր է չեղյալ հայտարարվի այն պահանջը, ըստ որի` ՌԴ քաղաքացիության հայցվորը պետք է 5 տարի անդադար բնակվի Ռուսաստանի տարածքում, ինչպես նաև օրենքի այն կետը, ըստ որի` անհրաժեշտ է հաստատել ապրուստի միջոցների օրինական աղբյուրը։
Պարոն Կալաշնիկովը վստահ է, որ սպասվող օրինագիծը “հեղափոխական կլինի”. “Բոլոր հայրենակիցները սպասում են այն: Օրինագիծը փետրվարին կներկայացվի Պետդումա: Բոլորն արդեն համաձայն են՝ ԱԴԾ-ն, նախագահի աշխատակազմը: Հարցը քննարկվել է Անվտանգության խորհրդում”:
Լեոնիդ Կալաշնիկովի գործընկեր Կոնստանտին Զատուլինը պատրաստվող որոշումն անվանել է “ճիշտ, վաղուց հասունացած և համապատասխանող առողջ դատողությանը”։
“Դա թելադրված է այն հանգամանքով, որ մենք շահագրգռված ենք ավելացնել Ռուսաստանի քաղաքացիների թիվն։ Առաջին հերթին՝ հայրենակիցների հաշվին: Դա հնարավորություն կտա անձնագրավորել սփյուռքը արտերկրում: Նրանք ցանկանում են ձեռք բերել Ռուսաստանի քաղաքացիություն, բայց չեն կարող, քանի որ պետք է հրաժարվեն բնակության երկրի քաղաքացիությունից։ Միլիոնավոր ռուսներ են ապրում արտերկրում և նրանք ցանկանում են դառնալ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի”, - ասել է խորհրդարանականը “Կոմերսանտ”-ի հետ զրույցում։
Ինչպես են օտարերկրացիները նոր կացության վկայականներ ստացել
Զատուլինը հայտնել է, որ պատգամավորները հաճախ դիմումներ են ստանում օտարեկրացիներից, ովքեր կցանկանային դառնալ ռուսաստանցի՝ չհրաժարվելով կացության երկրի քաղաքացիությունից։ “Եղել են դեպքեր, երբ մեզ դիմել են ժամանակին Ռուսաստանից և Ղազախստանից մեկնած գերմանացիները։ Նրանք բավականին մեծ համայնք են Գերմանիայում, սակայն այնտեղ կատարվող ամեն ինչը չէ, որ նրանց դուր է գալիս։ Մեկնել են մի երկիր, իսկ այժմ այն բոլորովին այլ է։ Նրանք ցանկանում են վերադառնալ, բայց չեն ուզում փակել իրենց համար Գերմանիայի դռներն․ուզում են լինել Ռուսաստանի քաղաքացի՝ չկորցնելով Գերմանիայի քաղաքացիությունը”։
Զատուլինը հիշեցրել է նաև չճանաչված Մերձդնեստրի բնակիչների մասին, ովքեր չեն կարող ստանալ ՌԴ անձնագիր, քանի որ ավելի վաղ ստացել են Մոլդովայի քաղաքացիություն, որը տրամադրվում էր Մերձդնեստրովի բնակիչներին պարզեցված սխեմայով։
Հունվարի 28-ին լույս տեսած “Իզվեստիա” լրատվամիջոցին տված հարցազրույցում ՌԴ ՆԳՆ Միգրացիայի հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Վալենտինա Կազակովան, հայտարարել էր միգրացիայի մասին օրենսդրության և “Քաղաքացիության մասին” օրենքում դեպի պարզեցում հետագա փոփոխությունների մասին: Ըստ նրա, նախատեսվում է պարզեցնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ձեռք բերելու կարգը Մոլդովայի, Ղազախստանի, Ուկրաինայի և Բելառուսի բնակիչների համար:
“Նրանք մեր հարևաններն են, և այդ պետությունների բնակիչների թիվը, ովքեր ցանկանում են ձեռք բերել Ռուսաստանի քաղաքացիություն, անընդհատ աճում է”, - նշել է տիկին Կազակովան:
2018թ․Ռուսաստանի իշխանությունները սկսել են ակտիվ աշխատանքներ տանել միգրացիոն օրենքներն ու Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունը կարգավորող նորմերը փոփոխելու շուրջ։ Այն ժամանակ ընդունված Միգրացիայի պետական քաղաքականության հայեցակարգը (ուժի մեջ է մինչև 2025 թվականը) նախատեսում է Ռուսաստանի դռները բացել բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են այստեղ ապրել և աշխատել, պարզեցնել մուտքի կանոնները, ներառյալ՝ մուտքի արտոնագրերի տրամադրումը, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացիության տրամադրման կարգը: Ըստ հայեցակարգի, միգրացիոն քաղաքականությունը “պետք է ուղղված լինի Ռուսաստանի Դաշնությունում մարդկանց կամավոր վերաբնակեցման համար բարենպաստ ռեժիմի ստեղծմանը, ներառյալ երկրից հեռացածներին, ովքեր կարող են ներգրավվել դրական սոցիալական կապերի համակարգի մեջ և դառնալ Ռուսաստանի հասարակության լիարժեք անդամ”:
Ինչպե՞ս ձևավորվեց Ռուսաստան նոր քաղաքացիներ գրավելու ինստիտուցիոնալ ենթակառուցվածքը
Նույն 2018-ին նախագահ Վլադիմիր Պուտինը միգրացիոն քաղաքականության իրագործումն ամբողջությամբ փոխանցեց իր աշխատակազմին, ի դեմս քաղաքացիների սահմանադրական իրավունքների ապահովման նախագահական վարչության: Անցյալ տարվանից ի վեր այս ստորաբաժանումը ղեկավարում է Տատյանա Լոկատկինան: Նա նաև ղեկավարում է Միգրացիոն քաղաքականության հայեցակարգի իրագործման նախագահական աշխատանքային խումբը, որի շրջանակներում քննարկվում և պատրաստվում են օրենսդրական տարբեր նախաձեռնություններ: 2019 թվականին Ռուսաստանի նախագահը պարզեցրեց Ռուսաստանի քաղաքացիության ստացումը բարձր որակավորում ունեցող օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար: Բացի այդ, Պուտինն իր հրամանագրով, պարզեցրել է Ռուսաստանի քաղաքացիության ստացումը Դոնբասի բնակիչների համար: Անցյալ տարի անժամկետ դարձվեղ նաև կացության թույլտվությունը, որն ավելի վաղ տրամադրվում էր հինգ տարի ժամկետով:
Միևնույն ժամանակ, նախատեսվում է մոտ ապագայում խստացնել Ռուսաստանի քաղաքացիական ծառայողներին, խորհրդարանականներին և դատավորներին ներկայացվող պահանջները։ Հունվարին Վլադիմիր Պուտինը առաջարկեց սահմանադրական փոփոխություններ, համաձայն որոնց օտարերկրյա քաղաքացիություն կամ կացության թույլտվություն ունեցող անձիք չեն կարողանա զբաղեցնել այդ պաշտոնները: