Բավ է պառակտվել
04-02-2020 18:05

Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելը «մասկի շոուի» հերթական սերիա է.Շարմազանով


ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը չգիտի, թե ինչ գործի շրջանակում են իր պաշտպանյալին բերման ենթարկել ոստիկանություն։
«Պարոն Հայրապետյանի հետ խոսել, ինքն էլ չգիտեր, թե ինչ հիմքով են բերման ենթարկում», - ոստիկանության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Ամրամ Մակինյանը։
«Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելը որևէ առնչություն չունի Ֆուտբոլի ֆեդերացիայի քրեական գործի հետ։ Ավելին, պարոն Հայրապետյանը երեկ այդ գործով հարցաքննվել է որպես վկա և ցուցմունքներ է տվել այդ առերևույթ դեպքի հետ կապված»,-ասաց Մակինյանը։
Իսկ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելը «մասկի շոուի» հերթական սերիա է որակեց։
Նրա կարծիքով՝ վարչակարգը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, խուճապի մեջ է. «Նրա վախերն ահագնանում են, և յուրաքանչյուր ֆիասկոյից հետո նոր «մասկի շոու» է փորձում բեմադրել: Ճտիկով գրիչից հետո նա փորձեց Նարեկ Սամսոնյանին ու մյուսներին ձերբակալել, Արցախում ՀԴՄ-ի խայտառակ պատմությունից, ՍԴ հանդեպ իրականացվող ճնշումներից, Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունից հետո փորձում է հանրության ուշադրությունը շեղել՝ Հայրապետյանին բերման ենթարկելով»,-ասաց Շարմազանովը:
Դիտարկմանը՝ թե Հայրապետյանին բերման են ենթարկել ապօրինի զենք պահելու կասկածանքով, ՀՀԿ խոսնակն արձագանքեց.
«Ռուբեն Հայրապետյանի տունը, կահույքի գործարանը մի քանի անգամ խուզարկել են, որևէ բան չեն գտել: Վստահ եմ, որ անօրինական բան չի լինի: Սա հերթական անգամ ի ցույց է դնում Նիկոլ Փաշինյանի քաղաքական իշխանության քաղաքական անմեղսունակությունը»,-ասաց նա:
Իսկ ՀՀԿ –ական նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանն էլ նշեց,որ այս գործելաոճում որևէ տրամաբանություն չկա․ «Կարծում եմ՝ հերթական ահաբեկման գործընթացն է, հասկանալի է՝ Ռուբեն Հայրապետյանը ոչ մի բանից չի վախենում։ Ցավոք, այս ամենը մեր երկրին հետ է մղում ժողովրդավարությունից, այն արժեքներից, որոնք մենք դավանել ենք, այն ճանապարհից, որով մենք գնացել ենք։Կարծում եմ՝ «սևերին» ահաբեկելու հերթական գործընթացն է, որը անթույլատրելի եմ համարում»,–ասաց նախկին պատգամավորը։
Հիշեցնենք, որ այսօր Քրեական ոստիկանության դիմակավորված ծառայողները բերման են ենթարկել ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին: Ոստիկանությունից հայտնում են, որ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։

 

Արմինե Գևորգյան