Բավ է պառակտվել
25-04-2022 08:43

Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի խաղաղ բանակցությունների երեք կարևոր բաղադրիչները. Ռուբեն Վարդանյան

Սոցիալական ներդնող և բարեգործ Ռուբեն Վարդանյանը նշել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի նախատեսվող խաղաղ բանակցությունների երեք կարևոր բաղադրիչները։

Խոսելով այս սցենարի իրատեսականության մասին՝ Վարդանյանը հիշեցրել է, որ որ առանց բովանդակության ստորագրված ցանկացած խաղաղության պայմանագիր լռելյայն չի կարող ապահովել խաղաղություն կողմերի միջև և տարածաշրջանում։

«Ինչ էլ որ ստորագրի Հայաստանի կառավարությունը, մենք պետք է հիշենք, որ կարևոր է, որ երկիրը դառնա ուժեղ, որպեսզի պայմանագիրը երկուստեք հարգվի։ Իմ կարծիքով, մինչև չստեղծենք հզոր տնտեսություն, չկառուցենք ոժեղ պետություն, չկարգավորենք Հայաստանի և Սփյուռքի հարաբերությունները՝ չենք կարող վստահ լինել, որ ստորագրված փաստաթուղթը երկարաժամկետ հեռանկարում կհարգվի հարևան երկրների կողմից»,- շեշտել է նա «Ավրորա 2022» մարդասիրական մրցանակի հերոսների շնորհանդեսի արարողությանը։

Առաջին խնդիրն, ըստ նրա, հզոր Հայաստան կառուցելն է, ինչն անհնար է առանց ուժեղ Սփյուռքի հետ համագործակցության։

Երկրորդ, ցանկացած մարդու համար, ով պետության անունից պայմանագիր է կնքում, շատ կարևոր է հասկանալ, որ կանգնած է ոչ միայն պետության գոյության, այլ նաև ժողովուրդի խնդիրը։ Ուստի քննարկման գործընթացում պետք է ճիշտ հավասարակշռություն գտնել ժողովրդի ներսում և շատ զգույշ լինել։ Կարևոր չէ, որ դու համաձայնագիր կնքելու օրինական իրավունք ունես, քանի որ առանց միաձայնության, լուրջ կոնսենսուսային քննարկումների Հայաստանի, Արցախի, Սփյուռքի հայերի հետ անհնար է իրավական փաստաթուղթ կնքել։

Երրորդ բաղադրիչը նույնպես վճռորոշ նշանակություն ունի հայ-թուրքական հարաբերությունների հարցում։ Խոսքը ոչ թե այն մասին է, թե ինչպես և որքանով կարող ենք պաշտպանել մեր տարածքներն ու տնտեսությունը, այլ այն, թե ինչի ենք ուզում հասնել ինքներս մեզ համար, որքանո՞վ ենք ուզում բարեփոխել մեր օրենսդրությունը, ապահովել մեր հաստատությունների մրցունակությունը, արդյոք ցանկանում ենք վերականգնել մշակութային ժառանգությունն Արևմտյան Հայաստանում և այն հայաբնակեցնել։

«Դրանք շատ կարևոր հարցեր են, կարևոր է, թե ինչ ռազմավարությամբ ենք առաջնորդվելու։ Հարևանի հետ հարաբերություններ կառուցելիս պետք է ապացուցենք, որ կարող ենք ոչ միայն պաշտպանվել, այլև նորովի դիրքավորվել տարածաշրջանում. ցույց տալ, թե ինչպես ենք ցանկանում կառուցել մեր ապագան, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանում ներկայության առումով»,- ասել է Վարդանյանը։