Բավ է պառակտվել
13-06-2022 13:26

Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարը հրաժարական է տվել

Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը հրաժարական է տվել պաշտոնից, որը զբաղեցնում էր 4 տարի։

Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է, որ հպարտ է իր թիմի հասած արդյունքներով, հատկապես՝ հայաստանյան երկնքի անվտանգության ապահովանն ուղղված քայլերով: Նրա խոսքով՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում այս ընթացքում արվել են լուրջ բարեփոխումներ, արդիականացում, և շուտով ականատեսը կլինենք լավ լուրերի:

Նա բարձր է գնահատել Հայաստանում հուսալի և մրցունակ ազգային ավիափոխադրողի՝ Ֆլայ Առնայի գործարկման փաստը։ «Էյր Արաբիա Գրուպի կողմից իրականացված ներդրումը մեզ բերեց աշխարհի ամենաանվտանգ եւ ամենամրցունակ ավիաընկերություններից մեկի knowhow-ն»,- նշել է Ռևազյանը։

Ավելի վաղ՝ հունիսի 10-ին, Երեւան էր ժամանել Հայաստանի ազգային ավիափոխադրող Ֆլայ Առնայի առաջին ինքնաթիռը։ Դրա հիմնադիրներն են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա Գրուպը։ Ֆլայ Առնայի առաջին չվերթը կիրականացվի 2022 թվականի հուլիսի 3-ին դեպի Հուրգադայի միջազգային օդանավակայան։

Նոր ազգային ավիափոխադրողի ստեղծման ծրագրի շրջանակներում Հայաստանի կառավարությունը 2021 թվականի հոկտեմբերին որոշեց հատկացնել ավելի քան 4,73 միլիարդ դրամ (գրեթե 10 միլիոն դոլար): Եվս 10 միլիոն դոլարի ներդրում է կատարում «Էյր Արաբիան» (ի դեմս իր դուստր ձեռնարկության):

Ֆլայ Առնան կգործի որպես էժան ուղևորատար ավիաընկերություն, բազավորման օդանավակայանը՝ Երևանի «Զվարթնոց»-ը: 2022 թվականի հունիսի սկզբին Ֆլայ Առնան ստացավ օդանավ շահագործողի վկայական (AOC) և Կանոնավոր առեւտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր (AOL)։