Բավ է պառակտվել
18-07-2018 20:29

Ռուսական կողմը ներողություն է խնդրել Փանիկ գյուղում զինծառայողների մասնակցությմաբ տեղի ունեցած միջադեպի համար

Ռուսական կողմը պաշտոնական ներողություն է խնդրել նախօրեին Փանիկ գյուղում ռուսական 102–րդ ռազմակայանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի համար։ Այդ մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ինչպես հայտնում են հայկական լրատվամիջոցները, նախօրեին ռուսական 102–րդ ռազմակայանի զինծառայողները զորավարժություններ են անցկացրել Շիրակի մարզի Փանիկ գյուղում` վախեցնելով տեղի բնակիչներին կրակոցներով։ 

Չորեքշաբթի`հուլիսի 18–ին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ-ում ՌԴ ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Իվանովի, ՀՀ-ում ՌԴ ռազմական և ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևի և ՀՀ-ում ՌԴ 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովի հետ քննարկել է ՌԴ զինվորականների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մանրամասները: 

ՀՀ պաշտպանության նախարարը պահանջել է ներկայացնել մանրամասն տեղեկատվություն տեղի ունեցածի կապակցությամբ:

ՌԴ 102-րդ ռազմակայանի հրամանատարը զեկուցել է միջոցառման բնույթի, պլանավորման և իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: 

Մասնավորապես, ըստ գնդապետ Ելկանովի զեկույցի՝ միջոցառումն ընդգրկված է եղել հայկական կողմի հետ նախապես համաձայնեցված, ՌԴ 102-րդ ռազմակայանի 2018թ. մարտական պարտաստության ծրագրում, որի վերաբերյալ բազայի հրամանատարությունը համապատասխան կարգով իրազեկել է ՀՀ իրավասու մարմիններին: 

«Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջոցառման անցկացման վայրի ընտրության հարցում հաշվի չեն առնվել տեղի բնակչությանը հնարավոր անհանգստություն պատճառելու բոլոր հանգամանքները, ռուսաստանյան կողմը պաշտոնապես ներողություն է խնդրել և հավաստիացրել է, որ այսուհետ առավել հետևողական կլինի ՌԴ ռազմակայանի տարածքից դուրս իրականացվող միջոցառումների պլանավորման և իրազեկման հարցերում»,– նշվում է հաղորդման մեջ։ 

Հայաստանի պաշտպանության նախարարը հորդորել է նմանատիպ հարցերում առավել սերտ և մանրակրկիտ աշխատանք իրականացնել թե ՀՀ պաշտպանության նախարարության, և թե տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Նա նշել է նաև, որ առավել մեծ ուշադրություն է պետք դարձնել քաղաքացիական բնակչության հետ բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը: