Բավ է պառակտվել
20-07-2018 21:33

Ռուսական ռազմաբազան այսուհետ առավել զգույշ և հետևողական կլինի

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր ընդունել է հարավային օկրուգի շտաբի պետի տեղակալ, գնդապետ Վլադիմիր Ստեխովին և 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովին, որոնց ուղեկցում էր ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ-երի զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Փարվանյանը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Քննարկվել են նաև օրերս Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպի մանրամասները։

Գնդապետ Ստեխովը իր ափսոսանքն է հայտնել ունեցած միջադեպի կապակցությամբ և հավաստել է ռուսական ռազմաբազայի հրամանատարության կողմից հետայցու նման հարցերում առավել զգույշ և հետևողական լինելու պատրաստակամության մասին։

Իր հերթին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կոչ է արել ռազմաբազայի գործունեության և հատկապես մարտական պատրաստության միջոցառումների ժամանակ հատուկ ուշադրություն դարձնել բնակչության հետ հարաբերությունների ձևավորմանը։

Պաշտպանության նախարարը նշել է, որ հուլիսի 22-ին ինքը անձամբ ժամանելու է Փանիկ գյուղ և կմասնակցի միջադեպի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներին: