Բավ է պառակտվել
08-07-2019 11:15

Ռուսաստանը կասեցրել է ավիահաղորդակցությունը Վրաստանի հետ

Ի պատասխան Վրաստանում հակառուսական ելույթների՝ հուլիսի 8-ից կասեցվել է օդային հաղորդակցությունը Ռուսաստանի և Վրաստանի միջև։ Georgian Airways-ի և MyWay Airlines-ի մամլո ծառայությունները տեղեկացրել են, որ կիրակի ավարտել են դեպի Ռուսաստան թռիչքների ծրագիրը, իսկ “Աէրոֆլոտ” ընկերության վերջին չվերթը Թբիլիսի իրականացվել է հուլիսի 7-ին, ժամը 22: 05-ին։
Ռուսաստանից Վրաստան թռիչքներ էր իրականացնում վեց ավիաընկերություն․”Աէրոֆլոտը”, S7-ը, “Ուրալյան ավիաուղիները”, “Պոբեդան”, “Red Wings”-ը, “Nordavia”-ն:

Երկրների միջև օդային հաղորդակցությունը կասեցնելու մասին որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ հունիսի 20-ին Թբիլիսիում սկսվել են ընդդիմության կողմից կազմակերպված հակառուսական ելույթներ, որի պատճառը Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի մասնակցությունն էր Ուղղափառ միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին։ Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն հունիսի 21-ին հրամանագիր է ստորագրել հուլիսի 8-ից Վրաստանի հետ ուղևորափոխադրումների արգելքի մասին: Ավելի ուշ, Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունը հայտարարել է վրացական ավիաընկերությունների դեպի Ռուսաստան թռիչքներն արգելելու մասին։

Թռիչքները դադարեցնելու որոշումն ընդունելու պահին Վրաստանում էր գտնվում մոտ 54 հազար ռուսաստանցի։

Ըստ ՌԴ տրասպորտի նախարար Եվգենի Դիտրիխի, այս պահին Վրաստանում գտնվող շուրջ 4,5 հազար ռուսաստանցի չի օգտվել ավիատոմսերը հետ վերադարձնելու կամ փոխանակելու հնարավորությունից և տրանսպորտի նախարարությունը լրացուցիչ միջոցներ է հատկացրել այս շաբաթ նրանց Ռուսաստան վերադառնալու համար։

Իրավիճակը զբոսաշրջիկների հետ

Դեպի Վրաստան ուղիղ չվերթների դադարեցմանը զուգահեռ, զբոսաշրջային գործակալություններին խորհուրդ է տրվել կասեցնել այդ ուղղությամբ տուրերի վաճառքը, մինչև երկրում իրավիճակի կարգավորվելը: “Ռոստուրիզմ”-ում հայտնել են, որ զբոսաշրջային գործակալությունները հաստատել են դեպի Վրաստան տուրերի վաճառքի դադարեցումը։ Ընդ որում, գերատեսչության տվյալներով, Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության կասեցման մասին որոշումն ընդունելու պահին երկրում գտնվել է զբոսաշրջային գործակալությունների տուրեր ձեռքբերած շուրջ 1,5 հազ․ռուսաստանցի կազմակերպված զբոսաշրջիկ՝ ովքեր պետք է վերադառնային մինչև հուլիսի 8-ը։ Եվս շուրջ 3,5 հազ կազմակերպված զբոսաշրջիկ պետք է Վրաստան մեկնեին հուլիսի 8-ից հետո՝ մինչև տարեվերջ հետվերադարձի տոմսերով։ Այս զբոսաշրջիկներն իրավունք ունեն կամ խզել պայմանագրերը գործակալությունների հետ՝ գումարի ամբողջական վերադարձով, կամ, կողմերի համաձայնությամբ, փոփոխել պայմաններն, այսինքն՝ փոխել ուղղությունը կամ հանգստի ժամկետները, պարզաբանել են “Ռոստուրիզմ”-ում։

Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (АТОР) հայտնել է ՏԱՍՍ-ին, որ զբոսաշրջիկները հիմնականում գերադասում են ընտրել այլ երկրներ հանգիստն անցկացնելու համար, գերադասելի ուղղություններն են Կիպրոսը, Թուրքիան, Հայաստանը։ Բացի այդ, պահանջված են նաև Սոչին, Ղրիմը, Բուլղարիան, իր հերթին հայտնել է գործակալությանը Ռուսաստանի տուրինդուստրիայի միության (РСТ) մամլո քարտուղար Իրինա Տյուրինան։

Սակայն Վրաստանում հիմնականում հանգստանում էին ոչ թե կազմակերպված, այլ Ռուսաստանից ինքնուրույն մեկնած զբոսաշրջիկները, նշել են “Ռոստուրիզմ”-ում։ Ըստ РСТ-ի տվյալների, ճանապարհորդներն, ովքեր որոշել են թռչել Վրաստան հուլիսի 8-ից հետո՝ չնայած սահմանափակումներին, ընտրում են երրորդ երկրներով երթևեկելու տարբերակները։

Փոխհատուցում ավիաընկերություններին

Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարաության նախնական գնահատականների համաձայն Վրաստանի հետ ավիահաղորդակցության դադարեցումից ավիաընկերությունների կորուստները կկազմեն 3 մլրդ ռուբլի, իսկ վերջնական գումարն, ըստ Դիտրիխի, պետք է հաշվարկվի այս շաբաթ:

Ռուսաստանի փոխվարչապետ Մաքսիմ Ակիմովի հետ խորհրդակցության արդյունքներով տրանսպորտի նախարարությանը հանձնարարվել է գնահատել դեպի Վրաստան թռիչքների կասեցման հետևանքով ավիաընկերությունների կրած վնասը։ Նախարարությունը պետք է նաև մշակի ավիանկերություններից անկախ պատճառներով թռիչքների կասեցման պատճառով նրանց կրած ֆինանսական վնասների հաշվարկի ունիվերսալ մեթոդաբանություն։