Բավ է պառակտվել
24-02-2023 12:48

ՀՀ ԶՈՒ մի շարք ժամկետայիններ և պայմանագրայիններ պատասխանատվության են ենթարկվել ծառայության ժամանակ սմարթֆոններ օգտագործելու համար

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը զինծառայողներին մշտապես հորդորում է զերծ մնալ արգելված իրեր պահելուց, մասնավորապես` սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսներ: Ինչպես տեղեկացնում է ՊՆ մամլո ծառայությունը, չնայած այս հորդորներին, այնուամենայնիվ, շարունակելով զորամասերում ամենօրյա հետևողական աշխատանքները, ռազմական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերում են սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսներ և այլ արգելված պարագաներ:
«Զինված ուժերում կարգապահության ամրապնդման, անվտանգության ապահովման համար ևս մեկ անգամ կոչ ենք անում զինծառայողների ծնողներին, ընկերներին սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսներ, արգելված իրեր չփոխանցել զինվորներին»,- ասվում է հաղորդագրությունում։
Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ զինծառայողների շրջանում հայտնաբերված սմարթֆոն տեսակի հեռախոսները զինծառայողներին վերադարձվելու են միայն ժամկետային զինվորական ծառայությունն ավարտվելուց հետո:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության բաժիններ են տեղափոխվել ՀՀ ԶՈւ մի շարք պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, որոնք, խախտելով ՀՀ ՊՆ N հրամանը, օգտագործել են սմարթ հեռախոսներ, զինվորական ծառայության առօրյայից լուսանկարներ են ներբեռնել համացանց: Զինծառայողները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը հետամուտ է լինելու նմանօրինակ դեպքերի բացառմանը և կարգազանց զինծառայողներին ենթարկելու է պատասխանատվության»:
2019 թվականի օգոստոսից ՀՀ ԶՈՒ զինծսռայողներին թույլատրվում է բջջային հեռախոսներ ունենալ՝ որոշ սահմանափակումներով․ թույլատրվում են առանց տեսա-ձայնային ձայնագրման, լուսանկարահանման և ինտերնետ հասանելիության սարքեր։