Բավ է պառակտվել
13-01-2020 15:49

Ryanair–ի առաջին թռիչքը դեպի Երևան կարող է հետաձգվել

Ryanair բյուջետային ավիաընկերության առաջին թռիչքն Իտալիայից Հայաստան կարող է հետաձգվել, այս մասին լրագրողներին հայտնել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախագահ Տաթևիկ Ռեվազյանը։ Ուշացումը կապված է Իտալիայում ավիակարգավարների գործադուլի հետ։

«Նախապես հայտարարվել էր, որ չվերթը կարող է ընդհանրապես չեղարկվել, բայց այն կայանալու է, սպասվում են ուշացումներ», – ասել է Տաթևիկ Ռեվազյանը։ Նա հավելել է որ հանգամանքների չնախատեսված փոփոխությունների դեպքում հավելյալ տեղեկություն կտրամադրվի։

Ռևազյանը  խոսեց նաև ավիատոմսերի էժան գների մասին, ասաց, որ «Լոու քոսթ» չի նշանակում էժան գին, այլ նշանակում է ՝ ավիաընկերությունը խնայում է իր ծախսերը, ինչն էլ հնարավորություն է տալիս նվազեցնել ավիատոմսերի գները,։

Ոլորտի պատասխանատուն մի քանի խորհուրդներ տվեց այն անձանց ովքեր պատրաստվում են  Էժան գնով ավիատոմսերի ձեռք բերել։

«30 եվրոյով ավիատոմս գնելու դեպքում պետք է անպայման շատ ուշադիր լինել, որովհետև դուք վճարում եք բացառապես ավիատոմսի համար: Օրինակ՝ Ryanair-ի պարագայում դուք կարող եք միայն փոքր բեռ ձեզ հետ վերցնել, որը կարող է տեղավորվել օդանավում նստարանի տակ։ Իսկ փոքր ճամպրուկ կամ մեծ՝ 20 կգ-անոց, վերցնելու համար պետք է վճարել, որոնց գները տարբեր են: Բացի այդ, օդանավում տեղ պահելու համար ևս պետք է վճարել: Այն գինը, որ տեսնում եք ավիաընկերության կայքում, դա միայն ավիատոմսի գինն է, մյուս ծառայությունների համար ևս պետք է վճարել:

Վերջինս քաղաքացիներին խորհուրդ տվեց նաև ավիատոմսը գնելիս ամեն ինչ կարդալ, ուշադիր լինել ավիաընկերության կայքում հրապարակված տեղեկություններին։

«Մենք ինքնուրույն ենք սկսելու պատվիրել մեր տոմսը և եթե որևէ սխալ անենք, ապա պատասխանատվությունը մեզ վրա է: Բացի այդ, կան տոմսերի տարբերակներ, որոնք պահանջում են տանը օն-լայն չեքին լինել, մինչև օդանավակայան հասնելը, դա եթե չանեք, դրա համար ևս առանձին վճարելու եք: Սա կարևոր է իմանալ մինչև օդանավակայան հասնելը: Ավիաընկերության աշխատողները «Զվարթնոց» օդանավակայանում ունենալու են 25 րոպե դատարկել ու նույնքան էլ պատրաստել օդանավը թռիչքի: Այնպես որ, պետք է ժամանակին ու պատրաստված լինել օդանավակայանում, որպեսզի սյուրպրիզներ չլինեն», -նշեց Ռևազյանը:

Նշենք, որ հունվարի 14-ից կմեկնարկեն Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության Միլան-Երևան-Միլան երթուղով իրականացվող չվերթերը: Նախատեսված էր, որ օդանավը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կկատարի ժամը 13։10-ին, եթե չառաջանան ուշացումներ:

Տաթևիկ Ռևազյանը խոսեց նաև դեպի Ղրիմ իրականացվող չվերթների մասին, ասաց որ արդեն երկրորդ անգամ հերքում են տեղեկությունը։

«Նման բան չկա: Նորից եմ հերքում։ Չգիտեմ՝ ում է պետք նման լուրեր տարածել, բայց դա մեզ հետո որևէ կապ չունի, որևէ քայլ չկա և չի էլ նախատեսվում, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահը։  
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ ԵՄ հանձնաժողովը ժամանելու է Հայաստան և փետրվարի 3-7-ը տեղում աուդիտ է իրականացնելու Քաղավիացիայի կոմիտեում։
«Շատ լուրջ կազմով են գալու։ Սա նշանակում է, որ մենք իրենց համար առաջնահերթություն ենք։ Շատ զբաղված ենք, որ աուդիտը լավ անցնի։ Մենք 100 տոկսով պատրաստված կլինենք», - ասաց նա։

 

Արմինե Գևորգյան