Բավ է պառակտվել
12-09-2020 12:26

ՀՀ –ում 2020 թվականի սեպտեմբերի 11-ի, ժամը 17:00-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ հայտարարված է կարանտին

ՀՀ կառավարությունը  որոշում է ընդունել կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին։

Կարանտինը Հայաստանում սահմանվում է 2020 թվականի սեպտեմբերի 11-ի, ժամը 17:00-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

Կառավարության ընդունած որոշմամբ` ՀՀ ցամաքային սահմանն օտարերկրացիների համար կշարունակի փակ մնալ որոշ բացառություններով (ՀՀ քաղաքացիների ընտանիքի անդամներ, ՀՀ բնակվելու իրավունք ունեցողներ, դիվանագիտական ներկայացուցչություններ, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և նրանց ընտանիքի անդամներ, հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով մուտք գործող անձինք` հանգուցյալի մերձավոր ազգականները (ծնողը, ամուսինը, երեխան, քույրը, եղբայրը), միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդներ, սահմանապահ զորքերի հրամանատար` հաշվի առնելով մուտքի հրատապությունը և անհրաժեշտությունը։
Հայաստան մուտք գործելիս անհապաղ կատարվում է բժշկական զննություն, զննության արդյունքներով, եթե առկա են համապատասխան ախտանշաններ կարող է կիրառվել հոսպիտալացում, կամ անձին տրվում է 14-օրյա ժամկետով ինքնամեկուսանալու հրահանգ։

Հանրային միջոցառումներ կարանտինի ընթացքում թույլատրված են լինելու հետևյալ սահմանափակումներով. տոնական և հիշատակի միջոցառումներին, ներառյալ` ծնունդ, հարսանիք, հոգեհանգիստ, հուղարկավորություն, կարող են մասնակցել 60-ից ոչ ավելի մարդ։

Համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները, կրթական այլ միջոցառումները ևս թույլատրված կլինեն` պայմանով, որ դրանց մասնակիցների թիվը չի անցնի 60-ից։

Զորամասերում տեսակցություններն արգելված կմնան` բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի։ Շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողներին արձակուրդ կտրամադրվի միայն ընտանիքի անդամի մահվան դեպքում։
Ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը կարող է իրականացվել միայն սահմանված սանիտահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման դեպքում:
Հավաքներ կազմակերպելն ու անցկացնելը ևս կթույլատրվի միայն անհատական պաշտպանության միջոցների կիրառման և մասնակիցների միջև նվազագույնը 1.5 մետր հեռավորության պահպանման դեպքում:

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

 

 

 

Արմինե Գևորգյան