Բավ է պառակտվել
10-10-2019 22:00

Հունվարի 1-ից կավելանա զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող աջակցության չափը

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը պետության տրամադրած գումարից բացի հավելյալ գումար կտրամադրի նաեւ 1998 թվականի հունվարի 1-ը ներառյալ եւ դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին: Այս մասին ՀՀ կառավարութան այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նա նշեց, որ, օրինակ, եթե զոհված սպայի ընտանիքը պետությունից արդեն իսկ ստանում է 60 հազար դրամ, ապա հիմնադրամից ամսվա մեջ կստանա նաև 240 հազար դրամ:
«Կախված կոչումներից ու ընտանիքի անդամներից՝ այդ թվերը փոփոխության են ենթարկվում»,- պարզաբանեց նախարար Տոնոյանը:
Փաշինյանը նկատեց,որ երբ սկսեցին այս հետ գնալու պրոցեսը, ամեն որոշմամբ ինչ-որ կետի կանգնում են: Եվ ցավալիորեն ու հասկանալիորեն մեր մի շարք հայրենակիցներ այդ սահմանից դուրս են մնում, բայց համոզված է՝ ժամանակավոր:
«Իմ կոչ, խնդրանքն է ըմբռնումով մոտենալ և արձանագրել, որ 1,5 տարվա ընթացքում մենք այս պրոցեսը 19 տարով արդեն հետ ենք տարել: Սա բավական բարդ աշխատանքային պրոցես է, պետք է հաշվարկվի, որ այդ որոշումները պատշաճ կարգով իրականություն դառնան: Հաշվարկները շարունակվում են, ինչպես և հայտարարել ենք, մեր գերնպատակն այն է, որ այս պրոցեսը հետ տանենք մինչև ՀՀ անկախության մեկնարկը»,- ասաց վարչապետը:

Հիշեցնենք, հոկտեմբերի 9-ին որոշում է կայացվել, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2020 թվականի հունվարի 1-ից կսկսի աջակցություն ցուցաբերել նաեւ 1998 թվականի հունվարի 1-ը ներառյալ եւ դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին: Նախորդ տարվա դրությամբ հիմնադրամը փոխհատուցում էր միայն 2017 թվականի հունվարի 1-ը ներառյալ եւ դրանից հետո տեղի ունեցած դեպքերը:

 

Արմինե Գևորգյան