Բավ է պառակտվել
01-05-2020 14:25

Մայիսի 4-ից կհանվեն ազատ տեղաշարժի սահմանափակումները

Մայիսի 4-ից կհանվեն ազատ տեղաշարժի սահմանափակումները: Այս մասին այսօր կառավարությունում հրավիրված ասուլիսում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:
«Հայաստանի տարածքում բոլոր քաղաքացիներն ազատ տեղաշարժի իրավունք կունենան: Միևնույն ժամանակ պահպանվելու է հանրային տրանսպորտի արգելքը: Այս արգելքը պահպանվում է, քանի որ կան որոշ ռիսկեր՝ համավարակի տարածման հետ կապված»,-ասել է նա՝ հավելելով, որ գրեթե բոլոր սահմանափակումները հանվում են, մնում են միայն որոշ սահմանափակումներ տնտեսական գործունության տեսակների վերաբերյալ:
Սահմանփակումները մնալու են մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտում։ «Մոլերը, հանրախանութները փակ են լինելու, կգործեն միայն այդ տարածքում գործող սննդի խանութները և դեղատները, գյուղատնտեսական շուկաները»,- ասաց Սիմոնյանը։
Մայիսի 4-ից կվերաբացվի մշակող արդյունաբերությունը՝ գործունեության բոլոր տեսակներով։
Հանրային սննդի կազմակերպման ոլորտում կգործեն այն ռեստորանները, սրճարանները և բարերը, որոնք կունենան բացօթյա տարածք։ Փակ տարածքներում սպասարկում չի իրականացվի։

Բուսաբանական և կենդանաբանական այգիները, բնության հատուկ պահպանվող տարածքները նույնպես կբացվեն։ Արգելոցների գործունեությունը նույնպես կթույլատրվի։
Սպորտային օբյեկտները կգործեն բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ սպորտային միջոցառումների անցկացման համար, ինչպես նաև կթույլատրվի սպորտային ակումբների գործունեությունը։
Անհատական ծառայություններ, որոնց խմբում են լվացման, մաքրման և չոր մաքրման ծառայությունները, վարսավիրանոցները և գեղեցկության սրահները, նույնպես կգործեն մայիսի 4-ից։
Բոլոր գործուենությունը թույլատրված ոլորտների համար, փոխնախարարի տեղեկացմամբ, կլինեն հատուկ կանոններ, ուղեցույցներ։
Պարետի նոր որոշումը սահմանափակումները հանելու վերաբերյալ կհրապարակվի ավելի ուշ:

 

 

 

Արմինե Գևորգյան