Բավ է պառակտվել
02-06-2020 16:27

"Հերիք եղավ բոլ եղավ արա, ժողովրդին հասցրել եք" - Արարատի մարզի բնակիչների զանգվածային բողոքի ակցիան (տեսանյութ)

Պարետատան որոշմամբ ժամանակավորապես փակվել է Արարատի մարզի Հովտաշատ համայնքի “Մեյմանդարի” գյուղատնտեսական շուկան, ինչի պատճառով առևտրականները զանգվածային բողոքի ակցիա են կազմակերպել։

24 ժամով շուկան փակելու պատճառ է հանդիսացել ստուգման ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչության աշխատակիցների կողմից հայտնաբերված սահմանված հակահամաճարակաբանական նորմերի խախտումը:

“Շուկայում բացահայտվել են պարետի որոշմամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներ․ ոչ բոլոր առևտրականներն են կրել դիմակներ և ձեռնոցներ, ոչ բոլոր հաճախորդներն են ջերմաչափվել, սեղաններն ու սարքերը պատշաճ կերպով չեն ախտահանվել, սոցիալական հեռավորությունը չի պահպանվել, չկա օգտագործված դիմակների և ձեռնոցներ համար նախատեսված առանձին աղբաման”, - պարզաբանել են ներկաներին կարգավորողի ներկայացուցիչները:

Առևտրականներն ասել են, որ համաձայն չեն պարետի որոշման հետ, և որ շուկայի ղեկավարությունը խստորեն հետևում է սահմանված նորմերին, իսկ աշխատանքի ժամանակավոր կասեցման մասին որոշումն անսպասելի էր։

“Մենք մեր ապրանքն այսօր բերել ենք ու չենք կարողանում վաճառել։ Այս շոգին ամբողջ ապրանքը փչանալու է։ Ո՞վ կփոխհատուցի մեր կորուստները։ Ի՞նչ անենք այս ամբողջ ապրանքի հետ։ Մեզ նույնիսկ չէին զգուշացրել պատժամիջոցների մասին։”,- վրդովվում էին ակցիայի մասնակիցները։

Լարված իրավիճակով պայմանավորված՝ պարետատունը գնաց զիջումների և հնարավորություն տվեց առևտրականներին օրվա ընթացքում վաճառել ապրանքը շուկայում պայմանով, որ վաղը շուկայի աշխատանքը կկասեցվի։

Սակայն պարետատան զիջումը չբավարարեց առևտրականներին, որոնք անհնար են համարում շուկան ժամանակավորապես փակելը, քանի որ պատժամիջոցը կարող է լրջորեն վնասել նրանց գործունեությունը և հանգեցնել լուրջ ֆինանսական հետևանքների՝ ապրանքները փչանալու պատճառով:

“Ո՞վ կփոխհատուցի ֆերմերներին իրենց աշխատանք դիմաց, ապրանքը փչանալու դիմաց։ Պարե՞տը, կառավարությու՞նը։ Մենք վաղը կգանք ապրանքներով ու կշարունակենք առևտուր անել՝ չնայած պատժամիջոցներին”, - ասացին ցուցարարները: