Բավ է պառակտվել
07-02-2022 21:23

6-ամյա երեխային բռնության ենթարկելու մեջ կասկածվող Երևանի մանկապարտեզի դայակից վերցվել է ստորագրություն չհեռանալու մասին

Հայաստանի քննչական կոմիտեում ՔՕ «Խոշտանգում» հոդվածով հարուցված գործով քննություն է տարվում՝ երեխայի նկատմամբ առերևույթ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«Նախնական տվյալներով 2022թ. հունվարի 31-ին՝ քաղաքացին ՀՀ ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2016 թվականին ծնված դուստրը 2019-2021 թվականների ընթացքում հաճախել է Երևան քաղաքում գործող մանկապարտեզ և այնտեղ երեխայի հոր՝ ազգությամբ պակիստանցի լինելու հանգամանքով պայմանավորված, նրա նկատմամբ դրսևորվել է դաժան վերաբերմունք»:

6-ամյա երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ կասկածվող դայակի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Այս մասին հայտնել է քննչական կոմիտեի մամլո քարտուղար Վարդան Թադևոսյանը։

«Սկզբում քննիչները դայակի նկատմամբ խափանման միջոց են ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին, ուղարկել են դատախազին, որը կալանքի մասին որոշում է կայացրել ու միջնորդություն ներկայացրել դատարան։ Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել դայակի կալանքի միջնորդությունը և կիրառել ստորագրություն չհեռանալու մասին»,- ասել է նա։

Թադևոսյանը չի հաստատել մամուլում հայտնված տեղեկությունը, որ երեխայի հետ կապված պատմությունը հորինել է մայրը՝ Գերմանիայում ապաստան ստանալու նպատակով, որտեղ ապրում է նրա քույրը և որ մայրն արգելում է ծագումով պակիստանցի հորը տեսնվել երեխայի հետ։

Ավելի վաղ Aravot.am թերթը հայտնել էր, որ հունվարի 31-ին քաղաքացին ոստիկանությանը հաղորդում է տվել, որ 2019թ մարտից մինչև 2021թ հոկտեմբերի 14-ը դուստրը հաճախել է Երևան քաղաքի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակները և դաստիարակները, հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելու հանգամանքը, պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել վերջինիս:

Նշվում է, որ պարանով ձեռքերը և պարանոցը կապելու եղանակով՝ երկաթյա տաք խաղալիքով այրել են երեխայի կրծքավանդակը, հարկադրել են ուտել հող, խոտ, կղանք, ինչի հետևանքով երեխային պատճառվել է ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք:
Աղբյուրի փոխանցմամբ՝ աղջիկը ենթարկվել է սեռական բռնության, նրա ձեռքերն ու պարանոցը կապել են պարանով, կուրծքն այրել են տաք երկաթե խաղալիքով, հարկադրել են ուտել հող, խոտ, կղանք։ Քննչական կոմիտեն այս դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի «Խոշտանգում» հոդվածով։ Ավելի ուշ լրատվամիջոցները սկսեցին հերքել այս տեղեկությունը՝ մասնավորապես նշելով, որ ոստիկանությանը հաղորդում է տրվել՝ Գերմանիայում ապաստան ստանալու նպատակով։