«Այսօրվանից մեկնարկում են մի շարք ծրագրեր, որոնց մի մասը վերաբերում է երեխաների խնամքին, մի մասը՝ ծննդյան միանվագ օգնությանը ու բոլորն ուղղված են երեխա ունեցող երիտասարդ ընտանիքներին»,–այսօր ՖԲ –յան ուղիղ եթերում ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Նախարարի խոսքով այս ծրագրերը միտված են պայմաններ ստեղծելու այն ընտանիքների համար, որոնք տարբեր սոցիալական խնդիրներներ ունեն ու հատկապես բնակարանային աջակցության բացակայության պայմաններում հապաղում են ընտանիք կազմել կամ երեխաներ ունենալ։
Առավել ուշադրության կենտրոնում են լինելու մարզերի բնակիչները։ Վիճակագրությունը ցույց է տալիս,որ բազմազավակ կամ երկուսից ավելի երեխա ունեցող ընտանիքները սովորաբար գյուղերում են,ու նրանց շնորհիվ ժողովրդագրական վիճակը կայուն մնում։
«Լինելու են առողջապահական ոլորտի ծրագրեր՝ կարևոր նշանակություն տալով մանկապարտեզների և երեխաների խնամքի կենտրոնների ստեղծմանը»,–ասաց Բաթոյանը:
Իսկ ահա հուլիսի 1-ից հետո կբարձրանա մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող այն երեխաների նպաստը, որոնք դեռևս 2 տարեկան չկան: Այն դեպքում, երբ ծնողը աշխատող է:
«Այս պահին կան ծնողներ, որոնց նպաստը կազմում է 18 հազար դրամ: Այս դեպքում բարձրանալու է խնամքի արձակուրդում գտնվող ծնողների վճարը՝ 18 հազարից դառնալով 26 հազար 500 դրամ»,- նշեց նախարարը՝ հայտնելով, որ որևէ գործողություն կատարելու կարիք այս ծնողները չունեն, որովհետև այն տեղի կունենա ավտոմատ կերպով:
Նախարարը հիշեցրեց. գյուղական բնակավայրերում նպաստը տրամադրվում է անկախ ծնողի աշխատելու հանգամանքից, բայց եթե ծնողն աշխատող է, ապա նպաստի չափը կլինի կրկնակի:
Իսկ առաջին և երկրորդ երեխաների ծնվելու դեպքում տրվող միանվագ նպաստն այսօրվանից կդառնա 300 հազար դրամ:
Արմինե Գևորգյան