Բավ է պառակտվել
25-02-2020 18:27

Սա զավեշտ է, քաղաքական հետապնդում և ոչ դատավարություն․Սերժ Սարգսյանի պաշտպան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում այսօր մեկնարկել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավարությունը` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ: Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու մեջ։

Մինչև դատական նիստի մեկնարկը ՀՀԿ-ն տարածեց հայտարություն՝ սկսվող դատաքննությունը որակելով շինծու և քաղաքական։ Հետո արդեն Սերժ Սարգսյանի աջակիցները դատարանի շենքի մոտ վերահաստատեցին իրենց դիրքորոշումը։ Աժ նախկին նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը չի կարող պատասխանատվություն կրել, քանի որ նման արարք նա իրեն չէր կարող թույլ տալ։
«Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը չի կարող պատասխանատվություն կրել, քանի որ նման արարք նա իրեն չէր կարող թույլ տալ։ Ես շատ լավ ճանաչում եմ Սերժ Սարգսյանին։ Եթե կա թերություն նման մրցույթում, ապա նրանք, ովքեր պատասխանատու են մրցույթի անցկացման համար, նրանք էլ պետք է պատասխան տան»,-ասաց Բաբլոյանը։
Հիշեցնենք, որ քրեական գործի համաձայն՝ իր նախագահության ժամանակաշրջանում Սերժ Սարգսյանն այնպես է արել, որ հողօգտագործողներին գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութ տրամադրի իր մտերիմ Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունը, և սա այն դեպքում, որ ավելի էժան գնային առաջարկ է ներկայացրել «Մաքսհուր» ընկերությունը: Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Պաշտոնաթող նախագահը ժամանեց դատական նիստին։ Դատարանի Նոր Նորքի նստավայրի մոտ հավաքված աջակիցներին Սարգսյանը շնորհակալություն հայտնեց և կոչ արեց վերադառնալ իրենց տները՝ «հաշվի առնելով եղանակային պայմանները և այն հանգամանքը, որ հույս կա, որ Հայաստանում դեռևս կան դատավորներ, ում համար արդարադատությունը վեր է ամեն ինչից»։
« Հույս կա, որ Հայաստանում դեռեւս կան դատավորներ, որոնց համար արդարադատությունը վեր է ամեն ինչից, ուղիղ այնպես, ինչպես ինձ համար, ձեզ համար, հայ ժողովրդի մեծամասնության համար ԼՂ անկախությունը վեր է ամեն ինչից, խնդրում եմ վերադառնալ տուն, զբաղվել ձեր առօրյա հոգսերով՝ չմոռանալով երբեք ՀՀ անվտանգության մասին։ աշխարհի ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հայտարարել է ու հիմա էլ կրկնում է, որ ԼՂ-ն երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։Սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, այն ինձ ուղեկցելու է մինչեւ վերջ, եւ ամենուր»,–ասաց Սերժ Սարգսյանը։
Նիստը մեկնարկեց և երբ դատարանի դահլիճ մուտք գործեց գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, նրան դիմավորեցին «ամոթ» վանկարկումներով։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել Սերգո Կարապետյանը, իսկ Բարսեղ Բեգլարյան էլ նշեց․ «Երբ թատրոնը ավարտվի, երեք գործողություն պետք է անի»։
Դատարանի և պաշտպանների առաջին անհամաձայնությունը գրանցվեց Սերժ Սարգսյանի կենսագրական տվյալների ներկայացման ժամանակ։ Պաշտպանները կարծում էին, որ կարևոր դրվագհներ դուրս են մնացել, մեղադրող կողմը հակադրաձեց, թե վարույթն իրականացնող մարմինն է որոշել, թե որ հանգամանքներն են կարևոր քրեական գործում։ Այնուհետև պաշտպան Ռուբեն Հակոբյանը ինքաբացարկի միջնորդություն ներկայացրեց գործով մեղադրանքը պաշտպանող դատախազ Արսեն Մարտիրոսյանին:
«Քննիչի ծանուցագրով Սերժ Սարգսյանը 2019 թվականի դեկտեմբերի 4-ին կանչվել է հարցաքննության որպես վկա, հարցաքննության ավարտից րոպեներ անց կատարվել է առերեսում նրա եւ սույն գործով մեկ այլ մեղադրյալի միջեւ ժամը 16:10 առերեսումն ավարտվել է, իսկ դրանից երկու րոպե անց քննիչն իր սեղանին դրված փաստաթղթերի մի փաթեթը շրջել է՝ հայտարարելով, որ դա նրան մեղադրյալ ներգրավվելու մասին որոշումն է»,–ասաց պաշտպանը։
Ըստ պաշտպանի՝ այդ որոշումը արդեն իսկ կազմված, տպագրված եւ ստորագրված է եղել, իսկ որոշման մեջ որպես մեղադրյալ ներգրավելու մասին ժամը հասկանալի պատճառներով բացակայել է. «Այսինքն՝ վկայի կարգավիճակով հարցաքննություն եւ առերեսում կատարելը կրել է ձեւական բնույթ, դրա արդյունքները քննիչի համար որեւէ նշանակություն չեն ունեցել, եւ որպես մեղադրյալ ներգրավվելու հանգամանքը նախապես որոշված է եղել ամենայն հավանականությամբ այլ պաշտոնատար անձի կողմից»:
Մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը, անդրադառնալով իրեն ներկայացված բացարկի միջնորդությանը, ասաց, որ պաշտպանների այն հայտարարությունը, թե Սերժ Սարգսյանի մեղադրանքի հիմքում մեկ ցուցմունք է, վերացական է և իրականությանը չի համապատասխանում։
«Մեղադրական եզրակացության մեջ մանրամասն ներկայացված են այն բոլոր ապացույցները, որոնք դրվել են ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ գործով մյուս ամբաստանյալների մեղադրանքի հիմքում: Ներկա փուլում ես չեմ ցանկանում ներկայացնել այդ ապացույցները՝ նկատի ունենալով, որ հրապարակային դատական քննության պայմաններում դատավարության մասնակիցներին և ԶԼՄ-ներին հասանելի կդառնան ապացույցները, որոնք դրվել են ամբաստանյալների մեղադրանքի հիմքում»,-ասաց նա:
Դատավոր Վահե Միսկարյանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը արդեն դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց թիմը յուրաքանչյուր նիստին հանրությանը ներկայացնելու և ցույց է տալու քրգործի շինծու ու քաղաքական լինելը։
«Սա զավեշտ է, քաղաքական հետապնդում, որն ուղղված է Սերժ Սարգսյանի քաղաքական գործունեությունը զսպելուն»,- ընդգծեց պաշտպանը:
Պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը։

 

 

Արմինե Գևորգյան