Բավ է պառակտվել
18-05-2022 22:35

Սաղաթելյանը նշեց Երևանի այն հասցեները, որտեղից վաղը առավոտյան 8-ից կսկսվեն անհնազանդության ակցիաները

ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը չորեքշաբթի Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքում հայտարարեց այն հասցեները, որտեղից վաղը կսկսվեն անհնազանդության ակցիաները։

Նա նշեց, որ ակցիաները կմեկնարկեն վաղը առավոտյան ժամը 8-ին Գարեգին Նժդեհի հրապարակից, Կոմիտասի պողոտայի եկեղեցուց, Ավանի «Հարսնաքար» համալիրից, Նորքի զանգվածում գտնվող «Մեգամալ» առևտրի կենտրոնից, Սասունցի Դավթի հուշարձանից, Հանրապետական ​​հիվանդանոցի այգուց, Լենինգրադյան-Սեբաստիա փողոցների խաչմերուկից և Ֆրանսիայի հրապարակից։

«Վաղն առավոտյան կրկին շարունակելու ենք մեր բողոքի ակցիաները։ Այլ տարբերակ չկա, մենք մեր քայլերով, գործողություններով պետք է մեր թիվն ավելացնենք, ծավալը մեծացնենք, և հասնենք մեր առաջ դրած նպատակին։ Առավոտյան ամբողջ կազմով միացեք բողոքի ու անհնազանդության ակցիաներին։ Սա շատ կարևոր է և անհրաժեշտ»,- ասաց նա։

Սաղաթելյանը հավելեց նաև, որ վաղը երեկոյան ժամը 19:00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա ավանդական հանրահավաք։

Չորեքշաբթի առավոտից Երևանում շարունակվել են անհնազանդության ակցիաները։ Կենտրոնում շարժումը կաթվածահար է եղել, ակցիաներ են անցկացվել նաև Հայաստանի մայրաքաղաքի այլ շրջաններում։ Ժամանակ առ ժամանակ բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև։ Որոշ ժամանակ մետրոն չի աշխատել։ Ոստիկանության բաժիններ են տարվել 364 ակտիվիստ։