Բավ է պառակտվել
31-10-2018 13:57

Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր համաներումը կարող է տարածվել 6500 քաղաքացու վրա

Հայաստանի Ազգային ժողովը չորեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունել է պետության պատմության մեջ ամենամեծ քրեական համաներման մասին օրինագիծը։

“Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ համաներում հայտարարելու մասին” օրինագծի օգտին քվեարկել է 72 պատգամավոր։

“Նուբարաշեն ՔԿՀ-ում այսօր առկա է 644 կալանավորված ու դատապարտված անձ, այն դեպքում երբ տեղերի քանակը 780 է։ Վարդաշեն ՔԿՀ-ի տեղերի քանակն է 339, իսկ դատապարտյալների ու կալանավորների թիվը՝ 155։ Սա ներկայացնում եմ այն նպատակով, որ պարզ լինի, համաներումը ՔԿՀ-ները բեռնաթափելու նպատակ չի հետապնդում, այն բացառապես մարդասիրական նպատակներ է հետապնդում”,- ասել է օրինագիծը ներկայացնող Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։

Նրա խոսքերով, պատժից ազատվում են քաղաքացիների հետևյալ խմբերը․մինչև 4 տարի ժամկետով դատապարտված անձիք, որոնց նկատմամբ կիրառվում է պայմանական պատիժ կամ պատժի կատարումը հետաձգվել է, ինչպես նաև ազատազրկման հետ կապ չունեցող պատժի դատապարտված անձիք:
Օրինագծով նախատեսվում է, որ համաներումը տարածվում է նաև մինչև 6 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց, 1-ին 2-րդ խմբերի հաշմանդամների վրա։ Համաներումը տարածվում է նաև անազատության մեջ գտնվող հղի կանանց (օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ), 3 և ավելի անչփահաս երեխաներ ունեցող անձանց, ինչպես նաև 60 տարեկանից բարձր անձանց և հանցագործությունը մինչև 18 տարին լրանալը կատարած այն անձանց վրա, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն։
Օրինագծը նախատեսում է քրեական գործի հարուցումը մերժել, հարուցված քրեական գործը կարճել, ինչպես նաև դադարեցնել քրեական հետապնդումը կամ չիրականացնել քրեական հետապնդում 2018 թվականի հոկտեմբերի 21-ը ներառյալ կատարած հանցագործությունների դեպքերով, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան չորս տարի ժամկետով ազատազրկում, հոդվածի 2-րդ մասի 1-8-րդ կետերով նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան վեց տարի ժամկետով ազատազրկում”,-ասել է Զեյնալյանը։
Այն վերաբերում է նաև անզգուշությամբ հանցագործություն կատարած, ինչպես նաև այնպիսի հանցագործություններ մեջ մեղադրվող անձանց, որոնց համար նախատեսված է միայն ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ:
Համաներումը տարածվում է նաև “Սասնա ծռեր” զինված խմբավորման անդամների վրա, ովքեր 2016թ․գրավել են ՊՊԾ գունդը Երևանում, ինչպես նաև “Հիմնադիր խորհրդարանի” անդամների վրա, ովքեր մեղադրվել են 2015թ․ապրիլին Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ բողոքի զանգվածային ակցիաների նախապատրաստման մեջ։
Օրինագծի համաձայն համաներումը չի տարածվում ծանր հանցագործություն կատարած, թրաֆիքինգ կատարած, լրագնողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտած, պետական դավաճանություն, ահաբեկչություն, դիվերսիա և այլ ծանր հանցագործութուն կատարած անձանց վրա։
“ՔԿՀ–ներում պահվող 2888 անձանցից պատժից կազատվի 270-ը՝ կամ մոտ 15 տոկոսը, 396-ի համար պատժի չկրած մասը կկրճատվի, այսինքն ավելի քան 660 դատապարտյալների նկատմամբ կկիրառվի համաներում։ Համաներումը կտարածվի պրոբացիոն պատիժ կրող 2720 անձի վրա։ Քննչական կոմիտեում վարույթում գտնվող 6140 քրեական գործերից 1096 նկատմամբ նույնպես կկիրառվի համաներում։ Ընդհանուր առմամբ, համաներումը կտարածվի 6 500 քաղաքացու վրա”,-ասել է Զեյնալյանը։
Ցմահ դատապարտված անձանց նկատմամբ, ըստ Զեյնալյանի, կցուցաբերվի անհատական մոտեցում, քանի որ նախարարությունն իրավասու չէ վերանայել դատավճիռները։
“Մենք դրական եզրակացություն ենք տալիս պայմանական-վաղաժամկետ ազատման համար։ Վերջերս աննախադեպ որոշում է կայացվել, և ցմահ դատապարտվածը պայմանական-վաղաժամկետ ազատ է արձակվել։ Հայաստանի համար 93 ցմահ դատապարտվածը մեծ թիվ է”,-ասել է նա
Օրինագծի երկրորդ ընթերցումը կկայանա նոյեմբերի 1-ին, ժամը 11։00։