Բավ է պառակտվել
22-10-2016 08:48

«Բելավիա» ընկերության օդանավին ստիպել են Կիև վերադառնալ ՝ հայ ուղևորի պատճառով

2016-ի հոկտեմբերի 21-ին «Բելավիա» ավիաընկերության «Բոյինգ 737-800» օդանավը, որը կատարում էր Կիեւ- Մինսկ В2−840 չվերթը, ստիպված է եղել վերադառնալ թռիչքի օդանավակայան։ Օդանավում 136 ուղեւոր է եղել ու անձնակազմի 6 անդամ:

Կիեւի օդանավակայանից օդանավը դուրս էր եկել նախատեսված ժամին՝ 15։25-ին։

«Ժամը 15։36-ին Բելառուսի օդային տարածք մտնելուց 50 կմ հեռավորության վրա օդանավի հրամանատարը "Կիեւ" օդային երթեւեկության վարչության դիսսպետչերից կարգադրություն է ստացել անհապաղ վերադառնալ թռիչքի օդանավակայան՝ առանց որեւէ պատճառաբանության։ Նաեւ հայտնել են, որ կարգադրոթյունը չկատարելու դեպքում օդ են բարձրացվելու կործանիչներ։ Օդանավի հրամանատարը կատարել է ստացած կարգադրությունը»,- հայտնում է «Բելավիա» ընկերության մամուլի ծառայությունը։

15։55-ին օդանավը վայրէջք է կատարել Կիեւում։ Օդանավից Ուկրաինայի իրավապահները իջեցրել են մի ուղեւորի, որը ՀՀ քաղաքացի է։

Այնուհետեւ վառելիքով լիցքավորելուց հետո օդանավը 16։37-ին նորից թռել է Մինսկ ու բարեհաջող վայրէջք կատարել «Մինսկ» ազգային օդանավակայանում։

Բելառուսական ավիափոխադրողը նշում է, որ Ուկրաինայի իրավապահները ազատ են արձակել չվերթից հանված ուղեւորին, նա Մինսկ է թռել ժամը19։00-ին «Բելավիա» ավիաընկերության B2−830 չվերթով։

Չվերթի ուղեւորներից մեկը , հայտնել է , որ օդանավից իջեցված տղամարդու ազգանունը Մարտիրոսյան է։ «Մեզ հայտարարեցին, որ նա Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակից է ու նրան կասկածում են հանցագործությունների մեջ»,- պատմել է նա։

«Բելավիա» ավիաընկերությունը մտադիր է ծախսերի փոխհատուցում պահանջել ուկրաինական կողմից։