Բավ է պառակտվել
06-08-2020 15:06

Լիբանանին օգնություն հասցնող ինքնաթիռը կմեկնի շաբաթ

 

Սփուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայկական օգնությունը Լիբանան հասցնող ինքնաթիռով կմեկնի Բեյրութ՝ մեր հայրենակիցների կարիքները տեղում գնահատելու համար՝ Կառավարության այսօրվա նիստին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այս դժվարին պահին մենք չենք կարող անտարբեր մնալ Լիբանանի ժողովրդի և Բեյրութի հայկական համայնքի կարիքների նկատմամբ: Հայաստանի Հանրապետությունն օգնություն ցուցաբերելու իր պատրաստակամությունն է հայտնել այդ քաղաքին պատուհասած ողբերգության հետևանքները հաղթահարելու գործում:
Ուժերի ներածին չափով օգնություն ենք ցուցաբերելու Լիբանանի կառավարությանը և տեղի հայ համայնքին: ՀՀ Կառվարությունն ԱԳՆ-ի և Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով մշտական կապի մեջ է Լիբանանի կառավարության և համայնքային կառույցների հետ, հստակեցվում են հիմնական կարիքները, որի շրջանակում էլ ՀՀ Կառավարությունը թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ ինչպես կառավարական, այնպես էլ համայնքային մակարդակով»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հայտնեց, որ բոլոր նրանք, ովքեր անհատական օգնություն, նվիրատվություն են ցանկանում ցուցաբերել, «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից դրամական փոխանցումների համար հատուկ հաշվեհամար է բացվել ԿԲ-ում և առցանց դրամահավաքի հարթակ՝ հիմնադրամի կայքում:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հայտնեց, որ արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, և այսօր երեկոյան կամբողջացվի ծրագիրը: Քննարկվում են ինքնաթիռի մի քանի տարբերակներ: Օգնության չափաքանակն ու տեսակը ամենայն հավանականությամբ պարզ կլինեն այսօր երեկոյան՝ նշեց Ավինյանը:
«Ենթադրում ենք, որ թռիչքը տեղի է ունենալու շաբաթ, և մի քանի տարբերակներ, որոնք այս պահին քննարկվում են մեր գրասենյակում, կարծում եմ՝ օրվա վերջում արդեն վերջնականացված կլինեն, և շաբաթ օրը թռիչքը կկազմակերպվի»,- նշեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

 

 


Արմինե Գևորգյան