Բավ է պառակտվել
18-09-2018 12:49

Սաշիկ Սարգսյանը հայտարարում է իր դրամական միջոցների օրինականության մասին

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր ունեցվածքի նկատմամբ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական վարչության որոշմամբ կալանքը դրվել է դեռևս հուլիսի 9-ին։ Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը հայտարարել է։

“2018 թվականի հուլիսի 9-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ մեղադրյալ Ա.Ս.-ի գույքի վրա դրվել է կալանք՝ քրեական գործով հնարավոր քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու համար: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է”,- նշված է դատախազության հաղորդագրությունում, որում, սակայն, չի մասնավորեցվում, թե ինչ քաղաքաղիական հայցի մասին է խոսքը:

ԱԱԾ տեղեկատվական ծառայությունը հայտնել է, որ հարուցված քրեական գործի շրջանակում կատարվում են քննչական և դատաիրավական բնույթի գործողություններ, որոնց մասին լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի։

Օրերս, “Իմ քայլը” դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Ալեքսանդր Սարգսյանի ունեցվածքին։ “Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը միայն մեկ հայկական բանկում 30 մլն․ դոլար ունի, և այդ ամբողջ գումարի վրա կալանք է դրված։ Ես պահանջում եմ, որ Սաշիկ Սարգսյանը հրապարակավ պարտավորվի մեկ շաբաթվա ընթացքում այդ 30մլն․ դոլարը կամավոր վերադարձնի պետբյուջե”,- ասել է Փաշինյանը։
Սաշիկ Սարգսյանին վերագրում են Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին տարբեր բիզնեսներում պարտադրանքով “50%-ի փայ մտնելը”։ Այսօր առավոտյան նա հանդես է եկել հայտարարությամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրելով բանկային գաղտնիք հրապարակելու մեջ։ Սարգսյանը նշել է, որ իրեն պատկանող դրամական միջոցները օրինական են՝ հորդորելով Փաշինյանին կոչ անել իրավապահ մարմիններին «կալանքից ազատել իր և իր ընտանիքին պատկանող դրամական միջոցները»։
“Սույն թվականի սեպտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հանրահավաքում ունեցած իր ելույթի ժամանակ բացահայտ և հրապարակային սպառնաց Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ալեքսանդր Սարգսյանիս և մեկ շաբաթ ժամանակ տվեց, որպեսզի օրինական կարգով ստացված դրամական միջոցները վերադարձնեմ ՀՀ պետական բյուջե: Իհարկե, Նիկոլ Փաշինյանը ոչինչ չասաց այն մասին, թե ինչու և ինչ հիմքով ես այդ գումարները պետք է վերադարձնեմ ՀՀ պետական բյուջե: Նման հայտարարություն անելուց առաջ ՀՀ վարչապետը նախ պետք է նշեր, որ օրենքով սահմանված կարգով հաստատվել է, որ իմ բանկային հաշվին առկա գումարները ձեռք են բերվել անօրինական ճանապարհով, ապա նաև պետք է նշեր, որ այդ գումարները հափշտակվել են ՀՀ պետական բյուջեից, դրա համար էլ ենթակա են վերադարձման”,- ասվում է Ալեքսանդր Սարգսյանի տարածած հայտարարությունում:
Նշելով, որ վարչապետը նման հիմնավորում չի տրամադրել՝ Սերժ Սարգսյանի եղբայրը շարունակել է․“ստացվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լավ հասկանալով, որ ես այդ գումարներն անօրինական ճանապարհով չեմ վաստակել, ելնելով իմ նկատմամբ իր բացասական վերաբերմունքից և փորձելով օգտագործել իր պաշտոնեական դիրքը, սպառնում է, որպեսզի ես ինքնակամ ՀՀ բյուջե վերադարձնեմ սեփականության իրավունքով ինձ պատկանող գումարները։ Վստահ եմ, որ ՀՀ վարչապետն ու իրավապահ մարմինները շատ լավ հասկանում են, ինչպե՞ս են որակավորվում ՀՀ վարչապետի այդ գործողություններն իրավական տեսակետից։ Նույն ենթատեքստում ծայրահեղ տագնապ է առաջացնում այն, որ վարչապետը՝ խախտելով օրենքով սահմանված կարգը, ստանում և անօրինական կերպով հրապարակում է բանկային գաղտնիք հանդիսացող ինձ վերաբերող տեղեկություններ”։

Սարգսյանը նաև հայտնել է, որ 1985-1995 թթ․ բիզնեսով է զբաղվել Ռուսաստանում և Հայասատան է վերադարձել խոշոր գումարով, այն բանկ է ներդրել, բացի այդ՝ օրինական եկամուտ է ստացել բացառապես (այլ ոչ 50%-ով) իրեն պատկանող ընկերության գործունեությունից։
Եզրափակելով՝ Ալեքսանդր Սարգսյանը խոստացել է, որ իրավապահ մարմինների կողմից իրեն և իր ընտանիքին պատկանող գույքն ու դրամական միջոցները կայանքից ազատելու դեպքում նա պատրաստ է նվիրաբերել օրենքով իրեն պատկանող միջոոցների մի մասը՝ որպես բարեգործություն։

Մեկնաբանելով նախկին նախագահի եղբոր հայտարարությունը՝ վարչապետի մամլո քարտուղար Արման Եղոյանն ասել է․ “վարչապետը բարձրաձայնել է իր կոչը, պարոն Սարգսյանը պատասխանել է այդ կոչին։ Այժմ մնում է միայն սպասել իրադարձությունների հետագա զարգացմանը։ Որևէ կոչ բարձրաձայնելուց առաջ վարչապետն ուսումնասիրում է այդ գործին առնչվող ամբողջ ինֆորմացիան։ Մնացածն արդեն ժամանակը ցույց կտա”։