Բավ է պառակտվել
27-09-2019 15:59

«ՍԴ-ի առաջ կանգնած 10 հոգին հասարակությունը չէ»։ Ալվինա Գյուլումյան


Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը չի պատրաստվում հրաժարական տալ՝ հետևելով արդարադատության նախարարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը։
Նշենք, որ հանրության քննարկմանը ներկայացված «Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծով հստակեցվում է Սահմանադրական դատարանի անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու կարգավորումը։Մասնավորապես Սահմանադրական դատարանի անդամի կողմից հրաժարական ներկայացվելու դեպքում լիազորությունները դադարելուց հետո մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը դատավորը կստանա կենսաթոշակ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը, արդյոք այն ճնշում է Սահմանադրական դատարանի վրա, Գյուլումյանը պատասխանեց.

«Թույլ տվեք ես քաղաքական գնահատականներ չտամ։ Սահմանադրական դատարանը այն կառույցն է, որի գործունեության հետ կապված միշտ կարող են լինել տարբեր կարծիքներ։ Եթե մենք զբաղվենք այդ կարծիքների վերլուծությամբ, ապա կարող ենք խախտել մեր քաղաքական չեզոքություն և զսպվածություն ցուցաբերելու մասին օրենսդրական պահանջը»,–ասաց Գյուլումյանը։
Հարցին՝ վստահո՞ւմ է, հասարակությունը Հայաստանի դատական համակարգին ընդհանրապես, Սահմանադրական դատարանին՝ մասնավորապես, ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը նշեց,որ նման վիճակագրության չի տիրապետում։
«Ես պետք է որոշակի հետազոտություն տեսնեմ և ասեմ՝ սա այսպես է, սա՝ այսպես։ Չեմ կարող օդում հայտարարություն անել»,- ասաց Գյուլումյանը:
Արդյոք Սահմանադրական դատարանի մուտքն արգելափակելու փաստը՝ որպես հասարակական անվստահության դրսևորում չէր, Ալվինա Գյուլումյանն ասաց. «ՍԴ-ի առաջ կանգնած 10 հոգին հասարակությունը չէ»։

Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը նկատում է,որ որևէ բան կարող է իրեն կաշկանդել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործը քննելիս։ «Գիտեք, մեր հասարակությունը այնքան փոքր է։ Մեր մոտ կան նաև այս քաղաքական ուժերի հետ կապ ունեցողներ։ Ես ինքս և՛ մեկի, և՛ մյուսի հետ կապեր ունեմ … Բայց դատավորը պետք է կարողանա այդ ամենի պայմաններում լինել անաչառ և անկախ»,- ասաց ՍԴ անդամը։

 

Արմինե Գևորգյան