Բավ է պառակտվել
03-09-2019 16:24

ՍԴ-ն Քոչարյանին կալանավորելու հիմքերի սահմանադրականության գործով որոշումը կհրապարակի սեպտեմբերի 4-ին։

ՀՀ Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հիմքերի սահմանադրականության գործով որոշումը կհրապարակի վաղը` սեպտեմբերի 4-ին։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։
Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը չցանկացավ որոշման վերաբերյալ կանխատեսումներ անել, նշեց միայն, որ դրանք իրավունքի մեջ անշնորհակալ աշխատանք են, եւ ոչ արդյունավետ հանրությանը տեղեկատվություն հասցնելու առումով: Վարդեւանյանը ձգձգումը նորմալ համարեց, ասաց` դա կախված է նրանից, որ իրենք ծավալուն դիմում են ներկայացրել, լուրջ հարցադրումներ, որոնք ենթադրում են պատշաճ գնահատական:

Իսկ պաշտպանական խմբի մեկլ այլ անդամ Հայկ Ալումյանը նույնպես դժվարացավ ասել, թե ինչ որոշում կկայացվի:
<<ՍԴ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված օրենքի սահմանադրականության հարցը և այդ օրենքին ընդհանուր իրավասության դատարանների կողմից տրված մեկնաբանությունների լույսի ներքո։ Եթե այդ օրենքը կճանաչվի Սահմանադրությանը համապատասխանող, ապա մենք կանցնենք մեր մյուս անելիքներին>>, -ասաց Հայկ Ալումյանը։
Ալումյանը ասում է,որ եթե պաշտպանական խմբի բերած բոլոր միջնորդությունները Սահմանադրական դատարանն ընդունի, ապա Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի,ու քրեական հետապնդումը դադարեցվի:
Նշենք,որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով առաջին նիստը նշանակվել է սեպտեմբերի 12-ին։ նիստը նախագահելու է դատավոր Աննա Դանիբեկյանը։
Անդրադառնալով այս դատական նիստին՝ Հայկ Ալումյանն ասաց. «Դատավոր Դավիթ Գրիգորյանը չի սկսել Քոչարյանի գործի քննությունը, այսինքն՝ հիմա դատավոր Աննա Դանիբեկյանը, ում վարույթում է գործը, պետք է զրոյից սկսի գործի քննությունը, նա պարտավոր էր անդրադառնալ խափանման միջոցին՝ նախքան գործի քննությունն սկսելը: Երբ մենք ասում ենք, որ Աննա Դանիբեկյանը կոպիտ սխալներով է սկսել գործի քննությունը, առաջին հերթին նկատի ունենք հենց դա, որ նախքան դատավարության սկսելը նա պարտավոր էր խափանման միջոցի հարցը քննարկել: 15 օրվա մեջ պետք է քններ այդ հարցը, իսկ վաղը՝ սեպտեմբերի 4-ին, լրանում է այդ օրը: Այդ հարցը մենք բարձրացնելու ենք»:
Հարցին՝ հնարավո՞ր է այդ հիմքով ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվի, Ալումյանը պատասխանեց՝ չի բացառում. «Դատավորը մի քանի անգամ լուրջ բացթողումներ է արել»:

 

Արմինե Գևորգյան