Բավ է պառակտվել
14-05-2019 21:18

Այսօր իշխանության է եկել մի անձ, որը պետք է մեղադրվեր այս նորմով. Քոչարյանի փաստաբան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Մարտի 1-ի գործով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նախնական դատական նիստը։

Այսօր առավել քան լարված իրավիճակ էր դատարանի բակում: Ոստիկանները ուժեղացված հսկողություն էր իրականացնում ,բայց դա չէր խանգարում,որ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների ու նրա դեմ բողոքող քաղաքացիների միջև ժամանակ առ ժամանակ բախումներ լինեին:

Իսկ դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների՝ դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությամբ: Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն էին ներկայացրել պատճառաբանելով, որ Դավիթ Գրիգորյանն ամիսներ առաջ հրաժարվել է քննել նախկին նախագահի խափանման միջոցի հարցը, ուստի չի կարող այսօր անաչառ որոշում կայացնել:

Ի վերջո, մեղադրանքը դատարանում պաշտպանող դատախազ Պետրոս Պետրոսանը ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի հիմնավորվածությունը: Ասաց,որ դատարանը բավարար է ուսումնասիրել քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության արխիվից առգրավված 2008 թվականի փետրվարի 23-ին Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի կողմից ստորագրված համապատասխան գաղտնի հրամանը, որպես վկաներ հարցաքննված մի շարք անձանց՝ Արշակ Կարապետյանի, Վարդան Հարությունյանի, Վալերի և Վիկտոր Պողոսյանների և մի շարք այլ անձանց հարցաքննության արձանագրությունները: Դատախազը նկատեց՝ դատարանը կարող է ուսումնասիրել նախագահի կողմից 2008 թվականի հրավիրավիրված խորհրդակցությանը մասնակցած անձանց հարցաքննության արձանագրությունները, որոնք ևս հիմնավորում են առաջադրված մեղադրանքի հետ մեղադրյալի առնչությունը:

Սակայն պաշտպանական կողմը հակադարձեց: Պաշտապան Ռուբեն Սահակյանը ասաց,որ Ռ ոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն ընտրվել է անհիմն և պահանջեց անհապաղ ազատ արձակել նրան;

«Այժմ տեղի ունեցողը պայմանավորված է իշխանության փոփոխությամբ. այսօր իշխանության է եկել մի անձ, որը ժամանակին նույնպես պետք է մեղադրվեր այս նորմով՝ չի մեղադրվել, քանի որ գտնվել է փախուստի մեջ։ Դատախազներն ասում են՝ «այն ժամանակ մեկ այլ բան են արել, այսօր մենք այս դիրքորոշումն ունենք»։ Ակամայից հիշում ես մի մուլտֆիլմ՝ «Վինի Պուխը», որտեղ խոսվում է «սխալ մեղուների» մասին։ Ինձ մոտ այս մուլտֆիլմն ասոցացվում է «սխալ դատախազների» հետ»,-ասաց Ռուբեն Սահակյանը:
Փաստաբան Հայկ Ալումյանը միջնորդեց դատարան հրավիրել 2008թ.-ին Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին ու մյուս դատավորներին, ՍԴ դատավորներ Հրանտ Նազարյանին, Կիմ Բալայանին, Ֆելիքս Թոխյանին:

«Այս անձինք 2008թ.-ի մարտի 1-ի դրությամբ մասնակցել են այդ գործի քննությանն, իսկ Նազարյանը եղել է զեկուցող»,- դատարանում ասաց Հայկ Ալումյանը։

Դատախազ Գևորգ Բաղդասարյանն առարկեց պաշտպանի ներկայացրած միջնորդությանը և հայտարարեց, որ այս փուլում վկաների հարցաքննությունը նպատակահարմար չէ։

«Դա կատարվում է ապացույցների հետազոտման փուլում, գործի՝ ըստ էության քննության:
Ի դեպ, հնարավոր է, որ դատարան հրավիրվեն նաև Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը ու գործող նախագահ Բակո Սահակյանը: Վերջիններս Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ երաշխավորական նամակին էին հղել: Դատավոր Դավիթ Գրիգորյանն էլ հայտարարեց, որ երաշխավորություն ներկայացնող անձինք, ըստ օրենքի, պետք է ներկայանան դատարան ու պնդեն իրենց երախավորությունը։

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը կշարունակվի մայիսի 15-ին՝ ժամը 13։30-ին։

 

Արմինե Գևորգյան