Բավ է պառակտվել
09-04-2020 22:40

Այսօր քննարկվել է պարգևավճարների ու կոմունալ վարձերի ծախսերը փոխհատուցելու մասին

Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում միասին այսօր ասուլիս էին հրավիրել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Աշխատանքի ու սոցիալական հարցերի ու էկոնոմիկայի նախարարներ Զարուհի Բաթոյանը ու Տիգրան Խաչատրյանը։ Նախ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չբացառեց, որ Հայաստանում կարող են տեղի ունենալ քննարկումներ՝ կարիքավոր խմբերի կոմունալ ծախսերը վճարելու մասին։
«Չեմ բացառում, որ այդ հարցին կանդրադառնանք և այդ հարցը կքննարկենք։ Սակայն պետք է աշխատենք թիրախային խմբերով, այլ ոչ թե նպատակի հետ կապված կոչերով։ Մենք գալիս ենք պոտենցիալ շահառու խմբերը վերլուծելու ուղղությամբ, դա ավելի ճիշտ է», - նշեց Գրիգորյանը:

Նա չբացառեց, որ կոմունալ ծախսերի վճարումների դինամիկան կարող է տեղեկատվություն դառնալ կառավարության համար՝ շահառու խումբ որոշելու առումով։

«Մեր միջոցառումները միտված են կարիքավոր խումբ բացահայտելուն և նրանց օժանդակելուն», - ասաց փոխվարչապետը։
Լրագրողները այս երեք պաշտոնյաներից հարցերցին նաև պարգևավճարների մասին։
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ «ե՞րբ կստանան հաջորդը» հարցին չի պատասխանի, քանի որ դա կախված է իրավիճակի կարգավորումից:
«Դա կլինի այն ժամանակ, երբ Կառավարությունը որոշում կայացնի շարունակել աշխատակիցների համար պարգևավճարների վճարման գործընթացը: Վերջին անգամ փետրվարին ու մարտին նախարարության սպասարկող անձնակազմն է պարգևավճար ստացել: Նրանք հանգստյան օրերին աշխատել են շենքի մաքրության և սանիտարական վիճակը կարգի բերելու համար»,- ասաց նախարարը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ դժվարացավ հստակ մտաբերել, բայց ասաց՝ եթե չի սխալվում՝ պարգևավճարը փետրվարին է ստացել։

«Երբ կստանամ հաջորդը՝ չեմ կարող ասել։ Պարգևավճարների տրամադրումը մեզ՝ մենք չենք որոշում։ Երբ կլինի համապատասխան որոշում, այդ ժամանակ այդ մասին կիրազեկեն»,- ասաց Բաթոյանը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, որ իրոք չի կարող կարող հստակ ասել՝ երբ է ստացել, կարող է սխալվել։ Խոստացավ լրագրողներին՝ հարցին պատասխանել գրավոր:

 

 

Արմինե Գևորգյան