Բավ է պառակտվել
04-05-2019 23:17

Այսօրվա իշխանությունները այլակարծություն չեն ընդունում. Սաթիկ Սեյրանյան

Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը համաձայն չէ այն դիտարկմանը, որ այսօր մամուլը Հայաստանում ազատ է քան երբևէ:
Հիշեցենք, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած Մամուլի ազատության ինդեքսում Հայաստանն անցած տարի էական առաջընթաց է արձանագրել. 2017-ի 80-րդ տեղից Հայաստանը մեկ տարում բարձրացել է դեպի 61-րդ հորիզոնական։
Ասում է, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ինդեքսի համար հիմք են հանդիսացել այն մեդիակազմակերպությունների զեկույցները, որոնք սատարում են Հայաստանի նոր իշխանություններին: Զրուցակիցս նշում է, որ այսօրվա իշխանությունները այլակարծություն չեն հանդուրժում, եթե քննադատական հոդված է տպագրվում, ապա նրանք սկսում են պատվիրատուներ փնտրել:
«Aysor.am»–ում, «Yerevan Today»–ում տեղի ունեցածը, լրագրողների ու լրատվականների նկատմամբ իրենց արշավները, որ մինչ օրս չեն դադարում, այդ փաստերը տեղ չեն գտել: Այսօրվա իշխանությունների 80 տոկոսը չգիտի, ինչպես աշխատել մամուլի հետ, ու ցանկացած այլակարծություն ընկալում են պատվեր ինչ որ մեկի կողմից : Նրանք պատրաստ չեն քննադատական խոսք լսելու, քանի որ նրանց միշտ պետք է գովաբանեն ու փառաբանեն»,- ասաց Սեյրանյանը:
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը համամիտ չէ այս տեսակետի հետ, ասում է, որ մամուլն այսօր Հայաստանում զգալիորեն ազատ է:
«Նախագահականից կամ ինչպես ասում են Բաղրամյան 26- ից այլևս չի թելադրվում որևէ օրակարգ,չեն զանգում ասում սա դրեք,սա մի դրեք ինչը շատ կարևոր առաջընթաց է»,-ասում է գլխավոր խմբագիրը:
Աբրահամյանը նշում է, որ բոլոր ժամանակների իշխանություններին էլ միշտ էլ դուր չեն եկել քննադատությունները եւ իր գործունեության 36 տարիների ընթացքում տարբեր տարիների իշխանությունները մեղադրել են պատվեր կատարելու մեջ:
«Ոչ մի իշխանություն, ու ոչ միայն Հայաստանում, առավելապես բարեհաճ չէ քննադատությունների նկատմամբ: Եթե նկատել եք թե ինչպես է Թրամփը արձագանքում CNN–ին,հետևաբար դրանց պետք է հանգիստ մոտենալ»,-ասաց Աբրահամյանը;
Սաթիկ Սեյրանյանը չի ժխտում, որ տարբեր իշխանությունների ժամանակ մամուլը միշտ էլ ունեցել է դժվարություններ, բայց այսօրվա իշախությունների գործելաոճում զավեշտալի բան կա:
«Այսօրվա ամբողջ զավեշտը նրանում է, որ իշխանության է եկել լրագրող, լրատվամիջոցի սեփականատեր, ու ինքը շատ լավ հասկանում է մամուլի ուժն ու դերը, հետևաբար նման վերաբերմունքի է արժանացնում մամուլին: Այլ բան է, որ ինչ որ հարթակներից ասվում է, թե մամուլը ազատ է, դրանք դատարկ և ոչինչ չասող խոսքեր են: Ինձ համար կարևոր է, թե շարքային լրագրողը ինչպես է կարողանում աշխատել, քանի որ բավականաչափ դժվարացել է լրագրողի աշխատանքը»,-ասում է զրուցակիցս: Ըստ Սեյրանյանի, դիմացինները ինքնապատասխանիչի նման, ռոբոտացված կրկնում են՝ «կպատասխանենք օրենքով սահմանված կարգով՚, միտքը, և լրագրողները չեն կարողանում ինֆորմացիան ճշտել կեղծ տարափի մեջ:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը դեռևս նկատում է ազդեցություն մամուլի վրա։
«Եթե խոսում ենք, որ ապրում ենք փոփոխված Հայաստանում, ապա լրատվամիջոցները որպես հանրային կառույց ևս պետք է փոխվեն: Սակայն մենք տեսնում ենք, որ հայաստանյան լրատվամիջոցները, թեև գործում են ավելի ազատ պայմաններում, սակայն լրատվամիջոցների վրա առկա է քաղաքական ազդեցություն: Այժմ լրատվամիջոցները ծառայում են ոչ թե հանրությանը, այլ նեղ քաղաքական խմբերի»,-ասաց Նավասարդյանը։
Նա կարևոր է համարում նաև լրատվամիջոցների սեփականության ֆինանսական թափանցիկութան ապահովումը, սակայն նշում է, պետք է այնպիսի լուծումներ գտնել, որ չվնասի լրատվամիջոցներին: