Բավ է պառակտվել
13-08-2020 20:10

163 ընտանիքի հատկացված բնակելի տարածությունը նվիրաբերվեց դրանք զբաղեցրած մանկատան շրջանավարտներին


ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունած որոշմամբ ՀՀ կառավարությունը բնակարաններ նվիրեց մանկատան նախկին 166 շրջանավարտներին ու նրանց ընտանիքներին։
Ինչպես նախագծի ներկայացման ժամանակ հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, այս բնակարանները 10 տարի առաջ անհատույց օգտագործման էին հանձնվել` հետագայում մասնավորեցման կամ վարձակալության պայմանով։
«Այս տարիների ընթացքում այդ բնակարաններում բնակվող մանկատան նախկին շրջանավարտների կողմից ներկայացվել են բազմաթիվ դիմումներ` դրանք մասնավորեցնելու խնդրանքով՝ հղում կատարելով պայմանագրի այդ կետին, բայց այդ դիմումներին որևէ ընթացք չի տրվել»,– հայտնեց նախարարը։
Այս կերպ կառավարությունը փորձում է լուծել մանկատան շրջանավարտների բնակարանային խնդիրը։
Բաթոյանը նշեց, որ հերթացուցակում ներառված, սակայն բնակարններ չստացած մնացյալ շահառուների համար 2019 թվականին մեկնարկեց «Բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու գործընթացը», և արդյունքում շրջանավարտներին հնարավորություն է տրվում ձեռք բերել բնակարան սեփականության իրավունքով:
«Այսպիսով, նույն իրավիճակով անձինք հայտնվեցին անհավասար պայմաններում, ուստի նախագծի ընդունմամբ կվերացվի այդ անհավասարությունը, և կամբողջացվի 1991-2019 թվականների մանկատան շրջանավարտների բնակարանային խնդիրների լուծումը»,- ասաց Բաթոյանը:
Այդուհանդերձ, ըստ վարչապետի, սրանով այդ անձանց սոցիալական խնդիրները չեն լուծվում։
«Բնակարանով մենք հարց չենք լուծում իրականում։ Եթե հետագայում փորձենք գնալ այն դեպքերի հետևից, կտեսնենք, որ բնակարան, այո, տվել ենք, դա լավ է հնչում, յուղոտ վերնագիր է, բայց հարց չի լուծում»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ այս կարգի որոշումներն արդյունավետ են քաղաքական ղեկավարների համար` քաղաքական դիվիդենտներ շահելու տեսանկյունից, բայց ոչ շահառուների համար։