Բավ է պառակտվել
03-12-2020 15:25

Պատերազմի զոհերի ընտանիքներին 5 միլիոն դրամի չափով աջակցություն կտրամադրվի

Կառավարության այսօրվա նիստին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին որոշման նախագիծը:

Առաջարկվում է աջակցություն տրամադրել զոհերի ընտանիքներին 5 միլիոն դրամի չափով, հաշմանդամություն ունեցող անձանց, ըստ խմբերի, համապատասխանաբար՝ երեք, երկու ու մեկ միլիոն դրամ, երեխայի կողմից հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում՝ երեք միլիոն դրամ:

«Նշված իրավակարգավորումները համահունչ են սահմանամերձ համայքներին տրվող աջակցության մասին օրենքի կարգավորումներին», - ասաց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան էլ արձագանքեց, թե զինծառայողների պարագայում հարցը կարգավորվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցով:
«Մենք ամիսներ առաջ նման կարգավորում ունեցանք սահմանամերձ գյուղերում տեղի ունեցող դեպքերի համար, հիմա, փաստորեն, կարգավորում ենք տալիս նաև այս հարցին», - ասաց վարչապետը:

Վարչապետը հայտնեց նաև, որ այժմ պատրաստվում է Կառավարության որոշման նախագիծ, որը պատերազմին մասնակցած ուսանողների, նաև պատերազմին մասնակից անձանց ուսանող զավակների երկրորդ կիսամյակի ուսման վարձերի փոխհատուցման մասին է, այն, ըստ Փաշինյանի, կընդունվի Կառավարության հաջորդ նիստին:

Արմինե Գևորգյան