Բավ է պառակտվել
14-10-2016 13:51

Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Ֆրանսիայի Սենատը հոկտեմբերի 14-ին կայացած քննարկման և քվեարկության արդյունքում ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագծին կողմ է քվեարկել 156, դեմ` 146 պատգամավոր:

Այս մասին գրառում է կատարել Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը:

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները, հուլիսին միաձայն կողմ են քվեարկել «Հավասարություն և քաղաքացիություն» կոչվող օրինագծի փոփոխություններին, որով պատիժ է սահմանվում մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները, այդ թվում` Հայոց ցեղասպանությունը ժխտելու և հերքելու համար:

Եղել են պատգամավորներ, որոնք կարծում էին, որ ընդհանուր օրենքից պետք է բեկանվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին դրույթը, սակայն հայկական համայնքն աշխատանք տարավ և հասավ նրան, որ Սենատի քննարկմանը ներկայացվի նաև այն տարբերակը, որն ամռանն ընդունվել էր Ստորին պալատում: Այն է` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող դրույթը ներառված: