Մարդը զարմանալիորեն անտարբեր է վերաբերվում անվերադառնալի կորցրած իր կյանքի օրերին, սակայն նա զղջում է, երբ կորցնում է հարստությունը
05-07-2018 19:13

Սերժ Սարգսյանի եղբորորդի Հայկ Սարգսյանը կասկածվում է սպանության փորձի համար (Տեսանյութ)

 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում վերսկսվել է 2007 թվականի ապրիլին Երևանի բնակիչ Դավիթ Սիմոնյանի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, վերջինիս սպանելու փորձի մեջ կասկածվում է Հայկ Սարգսյանը։

2007 թվականի ապրիլի 1-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 19:00-ին, Երևան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից հրազենային վնասվածքով թիվ 3 կլինիկական հիվանդանոց է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, 1984 թվականին ծնված Դավիթ Սիմոնյանը:

Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել Ա.Ղևոնդյանը, ներկայացրել ատրճանակ և հայտնել, որ այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզից դեպի նկուղ տանող աստիճանների մոտ և զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակել է՝ մարմնական վնասվածք պատճառելով ընկերոջը՝ Դ.Սիմոնյանին:

Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում 2007 թվականի ապրիլի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ և կատարվել նախաքննություն: Իսկ 2007 թվականի մայիսի 28-ին որոշում է կայացվել Ա.Ղևոնդյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված կողմերի հաշտության և բողոքի բացակայության հիմքով:

Նոր երևան եկած հանգամանքներով պայմանավորված՝ 2018 թվականի հուլիսի 3-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից որոշում է կայացվել՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին 2007 թվականին կայացված որոշումը վերացնելու վերաբերյալ, իսկ քրեական գործը, նախաքննություն կատարելու նպատակով, ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կնետրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Նույն օրը քննիչն այն վարույթ է ընդունել և ձեռնարկել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Արդյունքում՝ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ առ այն, որ Դ.Սիմոնյանին մարմնական վնասվածքը պատճառվել է ոչ թե Ա.Ղևոնդյանի կողմից անզգուշությամբ, այլ՝ մեկ այլ անձի կողմից դիտավորյալ արձակված կրակոցի հետևանքով։

«Քննության տվյալներով, տուժողին սպանելու նպատակով նրա ուղղությամբ դիտավորյալ կրակոց է արձակել Երևանի բնակիչ, 1984թ. ծնված Հայկ Սարգսյանը: Վերջինիս մասնակցությամբ կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, այդ թվում՝ առերես հարցաքննություն»,- ասվում է կոմիտեի հաղորդագրության մեջ:

Հուլիսի 4-ին Հ.Սարգսյանին տրվել է դատավարական կարգավիճակ. նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք, այն է՝ սպանության փորձ կատարելու մեջ։