Բավ է պառակտվել
16-07-2018 19:36

Սերժ Սարգսյանի եղբորորդին քաղաքացուն սպառնացել է, որ կկրակի, գազայրիչով վառել է նրա մարմնի մասերը

Նախորդ տարի Երևանում բնակվող 49-ամյա մի տղամարդու առևանգել են ու ծեծի ենթարկել։

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հետախուզական ծավալուն միջոցառումներով պարզել են, որ ծեծի հեղինակները Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանն է ու նրա թիկնազորի ղեկավարը։

Ինչպես նշում է ոստիկանության մամուլի ծառայությունը, նախնական տվյալներով, տղամարդը ցանկացել է հիմնել գիշերային ակումբ, ուր պետք է այցելեին արտասահմանցի զբոսաշրջիկներ։

«Օգոստոսի կեսերին Երևանի բնակիչ Նարեկ Սարգսյանի թիկնազորի ղեկավարը՝ Արտեմ Պողոսյանը, նրան հրավիրել է հանդիպման։ Մայրաքաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում Պողոսյանը այլ անձանց հետ տղամարդուն առևանգել է ու նրա կամքին հակառակ՝ տեղափոխել Նարեկ Սարգսյանի բնակության շենքի նկուղ»,– նշվում է հաղորդման մեջ։

Այստեղ տղամարդուն ծեծել են, Սարգսյանը ատրճանակով սպառնացել է, որ կկրակի, ապա գազայրիչով վառել է մարմնի տարբեր մասերը՝ պատճառելով վնասվածքներ։ Այնուհետև նրան տեղափոխել են Նորագավիթում գտնվող «Սկանյա» բեռնատարների սպասարկման սրահի վարչական շենք ու այնտեղ կրկին շարունակել են ծեծը։

Տղամարդուն բաց են թողել, երբ նա հավաստիացրել է, որ գիշերային ակումբների գործունեությամբ այլևս չի զբաղվելու։ Հանցագործության մասին նախկինում չի հայտնել։

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են գլխավոր դատախազություն։

31-ամյա Նարեկ Սարգսյանը միջպետական հետախուզման մեջ է, իսկ նրա անվտանգության ղեկավար 28-ամյա Արտեմ Պողոսյանը կալանավորված է այլ քրեական գործի շրջանակներում։