Բավ է պառակտվել
04-02-2019 16:34

Սերժ Սարգսյանը հարցաքննվել է Մարտի 1- գործով

Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 1-ին մի քանի ժամ հարցաքննվել է Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի գործի շրջանակներում։
“Մեզ հաջողվել է ճշտել, որ Սարգսյանը Մարտի 1-ի գործի շրջանակում որպես վկա մոտ 5 ժամ հարցաքննվել է: Նույն այդ տեղեկություններով, նրա հարցաքննությունը կշարունակվի”,- գրել է Аrmtimes-ը, նշելով, որ ՀՔԾ-ն չի մեկնաբանել այդ տեղեկությունը։

2008թ. փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններին մասնակցած և պարտություն կրած առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած հայաստանյան ընդդիմությունը փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ է անցկացրել` դժգոհելով քվեարկության արդյունքներից: 2008թ. մարտի 1-2-ի բողոքի ցույցերը հանգեցրել են ցուցարարների և իրավապահ մարմինների միջև անկարգությունների և բախումների, որոնց հետևանքով զոհվել է տաս և վիրավորվել ավելի քան 200 մարդ:

Սահմանադրական դատարանը 2008-ի ընտրությունները ճանաչել է լեգիտիմ: Հայտարարվել է, որ Սերժ Սարգսյանը ստացել է ձայների 52,86 տոկոսը, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը` 21,5 տոկոս:

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի գործով մեղադրվում է այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Նա այժմ գտնվում է կալանքի տակ, դատարանը քննում է նրա խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը: Գործում որպես մեղադրյալ են ներգրավվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով ազատ է արձակվել 5 մլն դրամի գրավի դիմաց, ինչպես նաև պաշտպանության նախկին նախարարներ Միքայել Հարությունյանն ու Սեյրան Օհանյանը: