Բավ է պառակտվել
18-01-2020 14:29

Սերժ Սարգսյանը ծանր է տարել Գեորգի Կուտոյանի մահվան լուրը

Հայաստանաի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ընտանիքին և հարազատներին։

“Խորապես ցնցված եմ Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան գույժից: Խոսքերն անզոր են արտահայտելու այն մեծ ողբերգությունը, որը ոչ միայն Գեորգի Կուտոյանի՝ անդառնալի և չափազանց ցավալի կորուստ կրած ընտանիքինն է, այլև բոլոր նրանցը, ովքեր երբևէ ճանաչել են մարդկային և մասնագիտական բարձր որակներ ունեցող, բարեկիրթ և պարկեշտ երիտասարդին և պետական պաշտոնյային”,– նշված է ցավակցական տեքստում:

Նախկին նախագահը նշել է, որ Կուտոյանի մահվան քննության ընթացքը, նկատի առնելով նաև պետության մեջ նախկինում նրա զբաղեցրած դիրքը, պետք է լինի հասարակության ակնդետ հսկողության ներքո”։

Լրատվամիջոցների տվյալներով, Սերժ Սարգսյանը ծանր է տարել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան լուրը։

“Հրապարակ” թերթը, հղում անելով ականատեսներին, գրել է, որ լուրը ստանալուց հետո Սարգսյանը ժամեր շարունակ ոչ մեկի հետ չի շփվել։ Չնայած Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստն ավելի վաղ էր նախատեսված՝ բավականին կարճ է տևել։

Չնայած շատ հարցեր կային, այդ թվում և՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, Սերժ Սարգսյանը շատ ընկճված էր, և նիստն էլ “իմիջիայլոց” է անցել։

“Նա հատուկ վերաբերմունք ուներ Գեորգիի նկատմամբ։ 2016-ին նշանակելով նրան ԱԱԾ տնօրեն՝ ի հակառակ շատ ընդդեմ կարծիքների, մեծ սպասումներ ուներ, կարծում էր՝ նա առաջ կգնա, ՊՊԾ գնդի (2016թ․հուլիսին “Սասնա ծռեր” խմբի կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավում՝ խմբ.) օպերացիայից հետո հատկապես ավելի էր կապվել հետը”,- հայտնել է թերթին աղբյուրը:

Թեմայի վերաբերյալ նյութ է հրապարակել նաև “168 ժամ “ թերթը։

“Մեր տվյալներով, Սերժ Սարգսյանը Կուտոյանի մահվան դեպքն անվանել է շատ տարօրինակ” և պատմել, որ երբ Կուտոյանն իմացել է Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործի մասին, ցանկություն է հայտնել ընդհատել ուսումը, վերադառնալ Հայաստան և դառնալ նրա պաշտպանական թիմի անդամ: Սակայն Սարգսյանը հորդորել է ավարտել ուսումն ու դրանից հետո վերադառնալ“,- գրել է թերթը։

Նիստի ժամանակ նախկին նախագահը անդրադարձել է “իշխանությունների քարոզչական շահարկումներին”, նշելով, որ անբարոյականության մակարդակը երկրում հասել է զարհուրելի չափերի՝ ամեն անգամ նոր անկումներ գրանցելով։

Թերթը հիշեցրել է, որ հեղափոխությունից հետո Կուտոյանը մեկնել էր Մեծ Բրիտանիա՝ Քեմբրիջի համալսարանում մագիստրոսական կրթություն ստանալու համար։

Տեղեկությունների հավաստիությունը ստուգելու նպատակով Sputnik Արմենիան դիմել է ՀՀԿ մամլո քարտուղար, խորհրդարանի նախկին խոսնակ Էդուարդ Շարմազանովին։

Վերջինս ասել է, որ Սարգսյանն արդեն հայտնել է պաշտոնական ցավակցություն Կուտոյանի մահվան կապակցությամբ, և ինքը հավելելու ոչինչ չունի։

“Նախագահն արդեն իր ցավակցական խոսքը և ցավը ներկայացրել է իր պաշտոնական ուղերձում”,- ասել է Շարմազանովը։