Բավ է պառակտվել
10-04-2020 10:11

Սերժ Սարգսյանին կտրամադրվի ԱԺ քննիչ հանձնաժողովի նրա մասնակցությամբ հատվածի տեսաձայնագրությունը

Ապրիլյան քառօրյա պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողովը համաձայնել է առանց որևէ նախապայմանի Սերժ Սարգսյանին տրամադրել նրա մասնակցությամբ հատվածի տեսաձայնագրությունը:
«ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը քիչ առաջ ստացավ 2016 թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողովի պատասխանը գրասենյակի` ս.թ. ապրիլի 8-ի գրությանը, որտեղ ակնկալվում էր հստակ արտահայտել հանձնաժողովի դիրքորոշումը ՀՀ երրորդ նախագահի հարցադրման կապակցությամբ` նկատի առնելով, որ հանձնաժողովի նախորդ գրության մեջ «տեսաձայնագրության տրամադրումը կարող է բավարարվել միայն պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենքի պահանջներին համապատասխան և սահմանված ընթացակարգերի պահպանման արդյունքում» ձևակերպումը բացարձակապես պարզորոշ չէր պատասխանում հարցադրմանը, ինչը արվել է վերջին պատասխանում:
Հանձնաժողովի այսօրվա գրության մեջ հստակ նշված է, որ ՀՀ երրորդ նախագահին առանց որևէ նախապայմանի կտրամադրվի նրա մասնակցությամբ հատվածի տեսաձայնագրությունը:
Նշենք,որ շուրջ 9 ամիս խորհրդարանում գործող ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն արդեն հասցրել է հրավիրել առանցքային բազմաթիվ նախկին և ներկա պաշտոնյաների: Հանձնաժողով գալու առաջարկը դեռ չի ընդունվել նախկին պաշտոնյաներից միայն մեկի կողմից․ ԶՈւ շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովն առայժմ չի ցանկանում պատասխանել պատգամավորների հարցերին:
Մինչդեռ քննիչ հանձնաժողովի անդամներին հարցերին արդեն պատասխանել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Իսկ օրերս էլ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հոդված էր հրապարակել ու կոչ էր արել սառեցնել ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը։
«Արտակարգ դրության պայմաններում կորոնավիրուսի պատճառով պատերազմական վիճակի թելադրանքով՝ հասարակության մեջ հանդուրժողականություն սերմանելու անհրաժեշտ քայլերի շարքում նա չորրորդ կետով կոչ է արել «սառեցնել ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը, որն ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի առանց այդ էլ գերլարված մթնոլորտում»,-ասված էր այդ հոդվածում։
Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի համար տարակուսելի է եղել առաջին նախագահի նման հոդվածը։ Վերջինս նշել է․« Տպավորություն է, թե առաջին նախագահը չի ցանկանում, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը գա Ապրիլյան քննիչ հանձնաժողով»:

 

 

Արմինե Գևորգյան