Telegram @gishernews
31-08-2020 12:55

Սևանա լճում ստորջրյա հետազոտողները ափ են դուրս բերել մարդկային ոսկորներ և խորտակված նավակի բեկորներ (Լուսանկարներ)

  

Սևանա լճում իրականացվել են գիտական մակարդակով ստորջրյա հնագիտական հետախուզական աշխատանքներ. սուզորդները լճի հատակին փաստագրել են խորտակված նավակի պահպանված հատված, որոշ բեկորներ դուրս են բերել ափ։

Արտաքին զննությամբ՝ բեկորներից մեկի վրա պահպանված գամը՝ նման չէ գործարանային արտադրանքի, ավելի հավանական է, որ այն դարբնի աշխատանք է. հնարավոր է այն ունի մի քանի հարյուրամյա պատմություն։ Հնագետների, երկրաբանների արշավախմբի և «ԱրմԴայվինգ» ակումբի սուզորդների համատեղ նախաձեռնությամբ կատարված հետազոտական աշխատանքի արդյունքում ափ են դուրս բերվել մարդկային մի քանի ոսկորներ, ստորին ծնոտ՝ պահպանված ատամներով, որոնք, ըստ նախնական հետազոտության արդյունքների, հավանաբար պատկանել են չափահաս տղամարդու։

Արշավախումբն ավելի վաղ պեղումներ է իրականացրել Սևանա լճին մոտ գտնվող «Արտանիշ 23» դամբարանադաշտում, այն թվագրվում է մ.թ.ա. 12-6-րդ դարեր: Առաջին անգամ Արտանիշ գյուղում հնագիտական պեղումներ իրականացվել են անցած տարի նույն արշավախմբի նախաձեռնությամբ. «Արտանիշ 29» և «Արտանիշ 23» դամբարանադաշտերի տարածքում պեղվել էր մեկական դամբարան։
«Թաքնված և ծածկված հնագիտական հուշարձանների որոնումը երկրաքիմիական մեթոդներով» ծրագրի (ղեկավար՝ երկրաբանական գիտությունների թեկնածու Արշավիր Հովհաննիսյան) մասին խոսելիս արշավախմբի անդամ, մասնագիտությամբ հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում մանրամասնեց՝ այս մեթոդը Հայաստանում առաջին անգամ է կիրառվում։ Նախկինում հանքեր գտնելու համար կիրառվել է միայն Անգլիայում։ Մեխանիզմը հետևյալն է՝ ոչ մեծ քանակության հողի նմուշից կարողանում են որոշել, թե տվյալ հատվածում հողի տակ ինչ տեսակի մետաղ կամ օրգանական նյութ կարող է լինել։ Ֆոսֆորի մեծ քանակությունը կարող է հուշել տվյալ տարածքում հողի տակ մարդկային կամ կենդանական ոսկորների կուտակումների մասին։

«Նախորդ տարի հնավայրից վերցված հողային նմուշառումով երկրաբանական մեթոդիկայի կիրառմամբ, երկրաբան-գործընկերների կողմից փաստվել էր ֆոսֆորային պիկ (կուտակում). պեղումների արդյունքում բացվել է դամբարան, որտեղ ժամանակին խմբային թաղում է իրագործված եղել։ Խոսելով դամբարանը կառուցած հնահանրության թաղման ծեսի մասին, կարող ենք մանրամասնել, որ այդ ժամանակաշրջանի մարդկանց բնորոշ է եղել, բացի մահացած մարդկանցից, դամբարանի խցում տեղադրել նաև ուղեկցող գույք՝ խեցանոթներ (երբեմն դատարկ, որոշ դեպքերում լցված որոշակի ուտելիքներով), տարատեսակ մետաղե (ոսկի, արծաթ, բրոնզ և այլն) պերճանքի առարկաներ՝ զարդեր, ուլունքներ, ինչպես նաև տղամարդկանց պարագայում զենքեր, որոնք բավականին լավ են պահպանվում» – հավելեց մարդաբան Հասմիկ Սիմոնյանը։

«Արտանիշ 23»-ի պեղումների արդյունքում դամբարանադաշտում արշավախումբը պեղել է 4 դամբարան, որոնցում հայտնաբերվել են մարդկային ոսկորներ, խեցեղեն, սարդիոնե ուլունքներ։ Սակայն պետք է նշել, որ այս տարի պեղված 4 դամբարաններից մեկը տարվա սկզբին թալանվել էր գանձագողների կողմից: Ուստի հնագետները թալանված դամբարանը պեղել են ամբողջությամբ։ Թալանված դամբարանի հատակին և դուրս թափված հողի մեջ բացվել են մարդկային ոսկորների մնացորդներ, խեղեբեկորներ և սարդիոնե ուլունքներ։

Օգոստոսի սկզբին մեկնարկած աշխատանքներն ավարտվել են ամսի 25-ին։ Հնագիտական աշխատանքների վերաբերյալ ամբողջական հաշվետվությունը և արդյունքների ամփոփումը հնագետների խումբը կներկայացնի ավելի ուշ։

Փոքր Սևանում լողալու խնդիր չունենք
Ժամանակին միջոցառումներ չիրականացնելով Սևանա լիճը կարող ենք կորցնել
Փորձագետը նշել է Սևանի “աղետի” պատճառը և “առողջացման” դեղատոմսը
Պտղունք համայքնում ամբողջությամբ այրվել է 10 տուն (լուսանկարներ)
Ոչ վաշխառությանն ու վարկային թալանին. Բողոքի ակցիա կառավարության դիմաց