Բավ է պառակտվել
22-12-2020 15:02

«Հիմա նորից պատերազմ է, պատերազմ մեր ապագայի համար». Վազգեն Մանուկյան

Երևանի Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողների բողոքի ակցիան շարունակվում է։ Հայրենիքի փրկության շարժման` վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն իր ելույթում նշեց, որ մի կողմում դրված է հայրենիքի կործանումը, մյուս կողմում` հայրենիքի փրկությունն ու առաջ գնալը։
«Այսօր իմ ընկերները խնդրել էին, որ այստեղ ներկայացնեմ, թե նոր կառավարություն ստեղծվելուց հետո ինչ ծրագիր պետք է այն իրականացնի: Ես պատրաստվեցի, թուղթը մոտս գրեցի, բայց երբ եկա այստեղ, հասկացա, որ այս պահին դա չի կարևորը, դրա ժամանակը կգա»,- Հանրապետության հրապարակում հանրահավաքում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: Նա ընդգծեց՝ սա ընտրություններ չեն, որ ծրագրերի պայքար գնա, ով ավելի լավ ծրագիր կներկայացնի:
«Մինչև այս պահը ես ամաչում էի, որ մենք դեռ չենք հանել այդ մարդուն, ամաչում էի ինքս ինձ համար, մեր ժողովրդի ու պետության համար։ Ամաչում էի, որ խայտառակ պարտության գիշերը չշպրտեցինք նրան դուրս»,–ասաց Մանուկյանը` նշելով, որ ինքն այս պետության հիմնադիրներից մեկն է եղել և իր վրա պատասխանատվություն էր զգում, որ այսպիսի «խայտառակ մարդու են բերել և այսպիսի խայտառակ պարտություն կրել»։
Նա հավելեց, որ այսօր նայում է հավաքվածների աչքերին և հպարտանում, որ նորից տեսնում է այն ժողովրդին, որը տարիներ առաջ ու տարիների ընթացքում հպարտ նայում էր դեպի ապագան։
«Այն ժամանակ էլ ունեինք դժգոհություններ, թերություններ, կային գող–ավազակներ, կային հերոսներ, բայց մենք մի հասարակություն էինք։ Բայց այն ինչ մեզ հետ կատարվեց, սարսափելի է։ Մենք` բոլորս միասին, ոչ միայն կվերականգնենք անցյալը, այլ այդ անցյալը կուղղենք, կկառուցենք այն պետությունը, որի մասին երազում էինք, ոչ թե այն, ինչ ստացանք»,– խոստացավ Մանուկյանը։
Նա դիմեց հեռուստացույցների, համակարգիչների ու հեռախոսների առջև նստածներին. «Քարը փեշներիցդ գցեք, ում եք սիրում, ում չեք սիրում, կարևոր չի: Հիմա մեր բոլորի ապագայի հարցն է լուծվում: Եկեք, հետո մենք մեր մեջ կպարզենք՝ ով է ճիշտ, ով է սխալ: Ինչպես պատերազմում բոլոր շերտերն իրար հետ միանում են, որպեսզի գնան փրկեն Հայաստանը, հիմա նորից պատերազմ է, պատերազմ է մեր ապագայի համար:
Նա կոչ արեց բանակին և ոստիկանությանն անհապաղ հայտարարությամբ միանալ ժողովրդին, քանի որ ամեն ժամը կարևոր է. «Մի թողեք, որ ժողովուրդն այստեղ հավաքվի օրերով, անցեք մեր կողմը և այսօր կլուծենք հարցը։ Ոչ թե Հայաստանն առանց Նիկոլի, այլ Հայաստանը մենք ենք»,– ասաց նա։
Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց շարժման առաջիկա գործողությունները։ Համաձայն դրանց`ժողովրդի մի մասը շարունակում է հանրահավաքը Հանրապետության հրապարակում, իսկ մյուս մասը շրջափակում է կառավարության և դատախազության շենքը՝ առանց ներս մտնելու։

Արմինե Գևորգյան