Բավ է պառակտվել
20-12-2020 15:11

Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը և ԶՈՒ այլ գեներալներ պահանջում են ՀՀ կառավարության անհապաղ հրաժարականը․ հայտարարություն

Հայստանի ԶՈւ պահեստազորի և պաշտոնաթող գեներալները հայտարարություն են տարածել, պահանջելով երկրի կառավարության անհապաղ հրաժարականը։

Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստը․

Հարգելի հայրենակիցներ,
Մենք՝ ՀՀ Զինված Ուժերի պահեստազորի և պաշտոնաթող գեներալներս, վտանգավոր համարելով Հայրենիքի առջև ստեղծված տագնապալի իրավիճակը, գիտակցելով օր առաջ լուծումներ գտնելու անհրաժեշտությունը, կարևորելով մեր պետության համար պրոֆեսիոնալիզմի և արդյունավետ արտաքին ու ներքին քաղաքականության անհրաժեշտությունը, առաջնորդվելով պետության ընդհանուր անվտանգության և սահմանների անձեռնմխելիության առաջնային խնդիրներով, առանցքային համարելով նոր, պրոֆեսիոնալ, բանիմաց ու քաղաքականապես պատրաստված իշխանությունների ձևավորման հրամայականը, սույն կոչով դիմում ենք մեր հասարակությանն ու իշխանություններին:

Ցավոք, վերջին զարգացումներն ու սանձազերծված պատերազմը պատճառ դարձան մեր Հայրենիքի ու նրա անվտանգության կարևորագույն հատվածի կորստի համար: Մեր Ժողովուրդն ու Բանակը, իրենց ուժերի լարումով կանգնեցին Հայրենիքի պաշտպանության ճակատում ու թիկունքին, սակայն անգրագետ, անփույթ և մեծամիտ իշխանությունները մեր երկիրը տարան կործանարար ճանապարհով:

Անհրաժեշտ է օր առաջ վերակազմակերպվել ու դրանում ներգրավել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ողջ ներուժը, վերլուծել ու գնահատել ստեղծված իրավիճակը, նախանշել ճշմարիտ ուղիները և արագ ձեռնմուխ լինել դրանց կյանքի կոչմանը: Այսօր, առավել քան պահանջված է Ազգ-Բանակ սկզբունքի ներքո համախմբվելու և առաջնորդվելու մոտոցումները:
Մենք կոչ ենք անում մեր հասարակությանը՝ սթափ նայել օրեցոր ահագնացող հիմնախնդիրներին ու տարածաշրջանում անվտանգային նոր սպառնալիքներին: Այդ նպատակով կարևոր ենք համարում երկրում ներքաղաքական կայունության հաստատումը, օր առաջ ապահովելով նոր՝ գրագետ, բանիմաց ու փորձառու իշխանությունների ձևավորումը, պետական բոլոր կառույցների ու հատկապես բանակի խնդիրների հստակ ձևակերպումը:

Գործող իշխանությունները ցույց տվեցին, որ ի զորու չեն կառավարել պետությունը, չունեն դրա համար անհրաժեշտ որակներ, չեն կարող կրել Հայրենիքի առջև ստանձնած ծանր պատասխանատվության բեռը, և պետք է անհապաղ հրաժարական տան:

Մենք այսօր էլ կանգնած ենք մեր ժողովրդի ու բանակի կողքին, և պատրաստ ենք մեր ջանքներն ուղղել հանուն անվտանգ Հայաստանի ու Արցախի: Ստեղծված իրավիճակում, մեր դաշնակից երկրի՝ ՌԴ խաղաղարար ջանքերին զուգահեռ, պետք է անմասն չմնանք ու պատրաստ լինենք թշնամու ցանկացած ոտնձգության:
Սա է օրվա հրամայականը»:

ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյան
Արցախի հերոս Յուրի Խաչատուրով
ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյան
ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ Միքայել Գրիգորյան
ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյան
ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյան
ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյան
ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ Ալիկ Միրզաբեկյան
ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ Սամվել Կարապետյան
ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյան
ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր Վլադիկ Հովհաննիսյան
ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր Վյաչեսլավ Դանիելյան
ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր Վալերի Գրիգորյան
ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր Աշոտ Պետրոսյան

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարություն էին տարածել, որում պահանջում էին երկրում իշխանափոխություն: